Ինչպես հայտնում են բրիտանացի բժիշկները' վերջին տասնամյակում դիտարկվում է մարդու ոտնաթաթի էվոլյուցիան: Եթե նախկինում 39 համարի ոտնաթաթի կնոջ համար համարվում էր մեծ չափս, ապա ներկայումս այդ չափսն առանձնապես չի զարմացնում և շատ հաճախակի է հանդիպում:
Պատճառը դեռահաս տարիներին բարձր կալորիականության սննդի և ալկոհոլի ընդունումն է, որը խթանում է աճի հորմոնը:
Իրականացված հարցման համաձայն' կանանց ոտքի միջին չափսը վերջին 5 տարվա ընթացքում մեծացել է 1 համարով: Գիտնականները կարծում են, որ կատարվածը էվոլյուցիայի մաս է կազմում: Սակայն դա նաև ճարպակալման հետևանք է, ինչը տարածված է ողջ աշխարհում:
Դեռահաս տարիքում բարձր կալորիականության սնունդի և ալկոհոլի չարաշահման հետևանքով խթանվում է ոչ միայն աճի և քաշի ավելացումը, այլ նաև վերջույթների աճը: Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ 2009 թվականին կանացի 44 համարի պահանջարկը ավելացել է 23%-ով, իսկ 39 համարինը՝ 17%-ով:
44 համարը այսօրվա խանութներում համարվում է կանացի ոտքի ամենամեծ չափսը, սակայն մոտ ապագայում հեշտությամբ կարելի կլինի գտնել 46 համարի կանացի կոշիկներ:
Ի դեպ' տղամարդկանց շրջանում նկատվում է նույն միտումը: Եթե դեռ վերջերս տղամարդու ոտքի միջին չափս էր համարվում 39-40 համարը, ապա այսօր նորմալ է ընդունվում 43-47 համարը: Բացի այդ հետազոտողները պարզել են, որ կանացի ամենագեղեցիկ կոշիկի չափսը 37 համարն է: Ահա այդ համարի կոշիկներ են դրվում խանութների ցուցափեղկերին' գնորդներին գրավելու համար: Իսկ տղամարդու ամենագեղեցիկ կոշիկի չափսը 40-ն է: