Օրերս Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ներկայացրեց իր թեկնածուական ատենախոսությունը' «Սեռական խանգարումներ' պայմանավորված սեռական դաստիարակության տիպերով, և դրանց կանխարգելումը» թեմայով: Մեր ամսագրի գործընկեր սեքսոպաթոլոգը, որ արդեն երկու ամիս «Ես Yes!»-ում վարում է իր խորագիրը և պատասխանում մեր ընթերցողներին հուզող հարցերին, ասաց, որ թեման հույժ կարևոր է, քանի որ սեռական խանգարումների հիմքում հաճախ ընկած են սեռական դաստիարակության սխալները:

«Սեռական դաստիարակությունը (սեռակրթություն) բժշկական ու հոգեբանական միջոցառումների համակարգ է, որը նպատակաուղղված է երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում սեռական կյանքի նկատմամբ խելամիտ վերաբերմունքի դաստիարակմանը: Ուսումնասիրման տեսադաշտում եղել են սեռական այն խանգարումները, որոնց զարգացմանը մեծապես նպաստել են սեռական դաստիարակության սխալները, սեռական ոլորտի վերաբերյալ ապատեղեկատվությունը:

Շատ դեպքերում ծնողների՝ իրենց կարծիքով ճիշտ սեռական դաստիարակությունը բոլորովին այլ, անսպասելի արդյունքի է հանգեցնում: Սա, բնականաբար, ունի իր պատճառները: Սեռական դաստիարակության սխալներից է այն մոտեցումը, երբ երիտասարդ աղջիկներին սեռականության հանդեպ խիստ բացասաբար են տրամադրում' դրանով իսկ սերմանելով թյուր պատկերացում: Արդյունքում' աղջկա մեջ ձևավորվում է սեքսուալ ներքին դիմադրողականություն, որը հաճախ հասնում է այն աստիճանի, որ վերածվում է սեռական սառնության, այսինքն' անօրգազմիայի»,- թեկնածուական իր թեզի արդիականության մասին ասաց սեքսոպաթոլոգը:
Ըստ նրա' մանկության տարիներին սեռական դրսևորումների դեմ ծնողների խիստ արգելքները, հակասեքսուալ հայացքները և բացասական վերաբերմունքը ներհոգեբանական կոնֆլիկտների աղբյուր են՝ հետագայում դառնալով որոշ սեռական խանգարումների առաջացման պատճառ:

«Ծնողների տված հակասեքսուալ դաստիարակության արդյունքում ձևավորվում են ասեքսուալ վարքային կարծրատիպեր: Սեռական հարաբերության հետ կապված ամեն ինչ նրանք ընկալում են իբրև ոչ կարևոր, ոչ պետքական, երբեմն նույնիսկ' զզվելի: Այդ է պատճառը, որ հետագայում սեռական հարաբերության ընթացքում առաջանում են բացասական հույզեր, որոնք ուղեկցվում են տհաճ զգացողություններով, իսկ հետագայում՝ կոիոտոֆոբիայով (վախ սեռական հարաբերությունից)»,- ավելացրեց Վրեժ Շահրամանյանը: Նրա տվյալներով' վերջին տարիներին աճում է հետաքրքրությունը սեռակրթության հարցերի հանդեպ: Արդիական և ուշագրավ են դառնում երիտասարդների սեռական խանգարումների, ամուսնական աններդաշնակությունների աճը՝ պայմանավորված սեռական դաստիակաության սխալներով: «Պետք է փաստեմ, որ հաճախ մեզ դիմում են այնպիսի պացիենտներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել: Պատճառն այն է, որ ծնողներից բացի, երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում է» նաև նրանց շրջապատը' ավելի «իրազեկ» ավագ ընկերները, կասկածելի և անհավաստի տվյալներ պարունակող գրականությունը, ինտերնետային կայքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունը»,- տեղեկացրեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ սեքսոպաթոլոգը' կրկին շեշտելով, որ հենց այս խնդիրներն էլ հիմք հանդիսացան թեկնածուական իր թեզի պաշտպանության համար: «Սեռական դաստիարակությունը, կարելի է ասել, ազգային անվտանգության խնդիր է, որը պահանջում է աչալուրջ մոտեցում»,- ընդգծեց սեքսոպաթոլոգը, ումից գիտական այս աշխատանքը խլել է չորս տարի: