Ի՞նչ են խոսում. դերասանուհի' «Եռաչափ սեր» հեռուստասերիալից հայտնի Լիա Զախարյանն ու երգահան Արման Անտոնյանը սիրավեպ ունեն:
Իրականում. շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելու համար խոսեցինք և՛ Լիայի, և՛ Արմանի հետ:
Իր և Արմանի սիրայի կապի մասին տարածված լուրերին ի պատասխան' դերասանուհին ասաց. «Եթե անկեղծ, ապա այս պահին մեր հարաբերությունների հետ կապված հստակ բան ասել չեմ կարող: Ես ու Արմանը շատ լավ ընկերներ ենք, նրան շատ եմ հավանում, հարգում ու ինձ մտերիմ համարում, բայց թե ի՞նչ կլինի մեկ շաբաթից կամ մեկ ամսից, ինչքանո՞վ կխորանան ու ի՞նչ բնույթի կլինեն մեր հարաբերությունները, այժմ դժվարանում եմ ասել, ժամանակը ցույց կտա»: Ըստ դերասանուհու' իրենք հաճախ են հանդիպում ու հաճելի ժամանակ անցկացնում: «Եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ կամ շաբաթը չորս անգամ հանդիպում ենք, սրճում, երբեմն նրա մոտ՝ աշխատավայր եմ գնում»,- հայտնեց Լիան:
«Հենց զգամ, որ իրոք սիրում եմ ու ուզում եմ, որ ինքն իմ կողքին լինի, այդ մասին կասեմ թե՛ նրան, թե՛ բոլորին, բայց դեռ այդ պահը չի հասունացել»,- զրույցի վերջում ասաց Լիան:
Մեզ հետ զրույցում Արմանն ասաց, որ զգացմունքներն էլ այս պահին դեռ հստակ չեն: «Մենք մտերիմ ընկերներ ենք, բայց թե հետագայում հարաբերություններն ինչ ընթացք կունենան, հստակ չեմ կարող ասել»,- ընդգծեց նա:
Տեղեկացնենք, որ զույգը ծանոթացել է «Լայմ» հեռուստաընկերության կազմակերպած քասթինգներից մեկի ժամանակ: «Լիային վաղուց եմ ճանաչում, դեռ «Եռաչափ սեր» հեռուստասերիալից. միակ սերիալն էր, որ նայում էի ու Լիլիթի կերպարը շատ հավանում, բայց մեր հանդիպումն ու իրական ծանոթությունը մի քանի ամիս առաջ է եղել, երբ մի հումորային հաղորդման համար դիմեցինք նրան:
Անձամբ զանգահարեցի, հրավիրեցի, եկավ, հանդիպեցինք, խոսեցինք, այնուհետև փորձեր, նախնական նկարահանում…Ցավոք, հաղորդումը չստացվեց, բայց մեր կապը շարունակվեց պահպանվել, հաճախ ենք իրար գրում ու զանգում,- խոստովանեց Արմանը և ավելացրեց,- Լիայի հետ մեր հարաբերությունների հետագա ընթացքի մասին դեռ չենք էլ խոսել: Ես այդ հարցերում մի քիչ ամաչկոտ եմ, բացի դրանից, ինքս էլ իմ մեջ դեռ պետք է շատ բաներ հասկանամ»:
Լուրը ճշտեց' Մերի Պողոսյանը