Հայաստանում արյան քաղցկեղով և արյան ծանր հիվանդություններով հիվանդ կարիքավոր երեխաներին օգնության ձեռք մեկնելու նպատակով, 2009 թ. ռուսաստանյան համանուն հիմնադրամի աջակցությամբ, ստեղծվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Բացի դրամահավաք ծրագրերից, հիվանդ երեխաների համար կազմակերպվում են նաև համերգային և մշակութային այլ միջոցառումներ:
Ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգներից մեկի ժամանակ, «Նվիրիր կյանք» հիմնադրամի պատվո նախագահ տիկին Ռիտա Սարգսյանը ներկայացրել է իր հեղինակած երգը' «Արև ենք միասին»: Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ գործիքավորումը վստահվել է Արա Թորոսյանին:
Երգի ձայնագրմանը մասնակցելու ցանկություն են հայտնել հայկական էստրադայի գրեթե բոլոր հայտնի կատարողները, ինչպես նաև երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Նախաձեռնությանը մասնակցել է նաև «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որի աջակցությամբ «Արև ենք միասին» երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ: Կատարողներից բացի տեսահոլովակի նկարահանումներին մեծ պատրաստակամությամբ մասնակցեցին նաև նշանավոր մարդիկ: Տեսահոլովակի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, իսկ օպերատորը' Արտավազդ Խաչատուրյանը:
Նկարահանումներին ներկա բոլոր մասնակիցներին միավորել ու համախմբել էր միասնության և կարիքավոր երեխաներին օգնության ձեռք մեկնելու գաղափարը:
Հիմնադրամի պատվո նախագահ, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ «Նվիրիր կյանք» հիմնադրամն օրեցօր ընդլայնում է բարեգործական ծրագրերը: