ASEKOSE.am-ի բլից հարցերին պատասխանում է դերասան Ալեքսանդր Բաբասյանը:
-Երբվանի՞ց եք մուտք գործել հեռուստատեսային ոլորտ: Դա պատահակա՞ն ստացվեց, թե՞ վաղ հասակից ձգտում էիք հայտնվել կադրում:
-Ես շատ վաղուց եմ եղել հեռուստատեսային ոլորտում: 13 տարի եղել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ինձ հրավիրում էին' մասնակցելու տարբեր տեսահոլովակների, գովազդային հոլովակների նկարահանումների: Ապա սերիալում նկարահանվելու առաջարկ ստացա'7 սերիայի համար: Այնուհետև առաջարկ ստացա նույն ֆիլմում գլխավոր դերի համար, ու արդեն 5 տարի է խաղում եմ գլխավոր դերերում' փորձելով էլ ավելի կատարելագործել իմ դերասանական տաղանդը:
-Հե՞շտ է արդյոք Հայաստանում հայտնի դառնալ, լինել սիրված:
-Իմ կարծիքով այդքան էլ հեշտ չէ հայտնի դառնալ և սիրվել: Ես կասեի' ավելի դժվար է պահել սիրված լինելու գործոնը… Շատ մեծ դեր է խաղում արտաքինը, հագ ու կապը, նիստ ու կացը:
-Չկա ավելի մեծ հաղթանակ, քան ինքդ քո նկատմամբ տարած հաղթանակը: Ձեր կյանքում եղե՞լ են այնպիսի պահեր, երբ ստիպված եք եղել հաղթել ինքներդ Ձեզ:
- Հենց երևի թե իմ հաջողությունների գրավականը այն է, որ իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում միշտ փորձել եմ հաղթել հենց ինքս ինձ: Ես եմ իմ ամենամեծ քննադատը, ու իմ կարծիքով դա ինձ հաղթանակներ է բերել ոչ միայն հառուստատեսային ասպարեզում, այլ նաև իրականության մեջ և առօրյա կյանքում:
-Որո՞նք են հեռուստատեսային բնագավառի ձեռքբերումները և բացթողումները:
-Ինչպես հեռուստատեսային, այնպես էլ շատ ուրիշ բնագավառներում կան բացթողումներ: Քանի որ հեռուստադիտողը քմահաճ չէ, այդ պատճառով շատ դերասաններ, լրագրողներ, և շատ հաղորդումներ իրենց տեղն են գտնում մեր հեռուստատեսային առօրյայում: Պետք է մի փոքր քմահաճ և պահանջկոտ լինենք ինքներս մեր նկատմամբ, և դա նաև պահանջել հեռուստատեսությունից, որպեսզի որակապես ավելի բարձր եթեր ունենանք: Ձեռքբերում կարելի է համարել թե ոչ, բայց ասեմ, որ շատ կարևոր դեր խաղաց մեր հեռուստատեսության մեջ սերիալային ինդուստրիան: Դա տվեց նոր որակ, նոր դերասաններ, և կարելի է ասել' շատ տաղանդավոր ու վաստակաշատ դերասաններ հայտնի դարձան իրենց տաղանդով: Ուղղակի պետք չէ տեղում դոփել, եթե ստացվել են սերիալները, ապա պետք է անել դրանից բխող հաջորդ քայլերը:
-Երբևէ պատկերացրե՞լ եք Ձեզ քաղաքական ոլորտում:
- Տարիներ առաջ ես եղել եմ մեր առաջատար կուսակցություններից մեկի երիտասարդ թևի ղեկավար: Ես միշտ սիրել եմ քաղաքականությունը: Այն, ինչ կարելի է անել քաղաքականության մեջ, ուրիշ ոչ մի տեղ չի կարելի գտնել:
-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:
- Ասեկոսեները բազմազան են, ես հիմնականում չեմ զայրանում, քանի որ բամբասողների համար վտանգավոր կլինի, իսկ մյուս տեսանկյունից' ինձ բոլոր ասեկոսեներն էլ զվարճացնում են: Վերջերս փողոցում մի կին ինձ մոտեցավ' գրկին մի քանի ամսական երեխա, և ինձ ասաց, որ իմ պատվին այդ երեխայի անունն Ալեքսանդր են կոչել: Չգիտեմ, բայց դա թող որպես բամբասանք չհնչի:
-Երազանք, որն արդեն իսկ իրականություն է դարձել:
- Երազանք դարձած իրականությունը լավ, երջանիկ ու սիրով պարուրված ընտանիք ունենալն է:
-Մարդկային ո՞ր որակներն եք առաջնային համարում:
-Մարդկային որակներից կարևորում եմ հավատարմությունը, որը վեր եմ դասում ամեն ինչից, բայց գրեթե բոլորն էլ կարևոր են:
-Ձեր բնավորության մեջ ի՞նչը կցանկանայիք փոխել…
- Իմ բնավորությունից չեմ փոխի ոչ մի բան և ոչ մի տառ:
-Ձեր կյանքի ամենահիշարժան հանդիպումը:
-Իմ կնոջ հետ հանդիպումը, որը դարձավ կարևորագույնն իմ կյանքում:
-Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ խենթությունը:
- Ես տեսակով խենթ եմ, ու գրեթե ամեն օր խենթություններ եմ անում' տարբեր տեսակի, տարբեր որակի:
-Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին:
- Ես բոլորին շատ սիրում ու հարգում եմ, թող լինեն բարետես և խելացի:
Հարցազրույցը' Երվանդ Մարեյանի