Դերասանուհի Կայա Խուրշուդյանի սերիալային խաղընկերներից մեկն էլ նրա աղջիկն է' 9-ամյա Մոնիկան, ով մայրիկի հետ նկարահանվում է «Տիգրանի մոլորակը» սերիալում: esyes.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ ֆիլմում էլ իրենք մայր ու դուստր են. Մոնիկան մարմնավորում է իր աղջկան' Անիին: «Կարելի է ասել՝ աղջիկս նկարահանման հրապարակում է մեծացել և միշտ ինձ հետ է: Օրերից մի օր էլ առաջարկեցին, որ նա սերիալում ևս իմ աղջիկը լինի, ես էլ չմերժեցի»,- ասաց Կայան և հավելեց, որ աղջիկը ժամանակին էլ «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարում է նկարահանվել:
Ըստ Կայայի՝ աղջկա համար սերիալում նկարահանվելը զբաղմունք է, որին ինքը լուրջ չի վերաբերում. «Երբեմն նկարահանումները ուշ վերջացնելու պատճառով ինքն էլ է հոգնում ու ասում, որ երբեք չի ցանկանա դերասանուհի դառնալ: Փոխարենն անհամբերությամբ սպասում է նկարահանմանը, որովհետև իրեն այնտեղ շատ են սիրում. մերվել է աշխատակազմի հետ»:
Դերասանուհուց տեղեկացանք նաև, որ փոքրիկ Մոնիկան այս տարի փոխադրվում է 4-րդ դասարան և հաճախում է մայրիկի, քեռիների և պապիկի ավարտած՝ Երևանի թիվ 71 դպրոցը: Մոնիկան սիրում է նկարել ու ապագայում էլ երազում է հագուստի դիզայներ դառնալ: Կայայից հետաքրքրվեցինք՝ արդյոք նկարահանումները չե՞ն խանգարում փոքրիկի դասերին: «Ոչ, որովհետև նկարահանման խումբը ևս գիտակցում է, որ նա դպրոցական է»,- մեր հարցին ի պատասխան ասաց դերասանուհին, ում խոսքերով' սերիալում փոքրիկները ևս վճարվում են:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը