Երգչուհի Ալլա Լևոնյանի դուստրը մայրիկի հետքերով է գնում:) 11-ամյա Ժաննան իր առաջին քայլերն է անում երգարվեստում, ինչի առիթով էլ ESem.am-ը զրուցել է երգչուհու հետ:

 

 

«Ես երբեք չեմ մտածել, որ երեխաներից մեկն օրերից մի օր կցանկանա իմ ուղով գնալ ու երգարվեստ մտնել: Ժաննան առաջին անգամ բեմում երգել է ամիսներ առաջ՝ «Երգ երգոց» երաժշտական նախագծի շրջանակում: Երբ ինձ ասացին, որ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հայտնիները պետք է երգեն իրենց երեխաների հետ. սկզբում չէի ուզում համաձայնել, քանի որ Ժաննաս փորձ չուներ, երբեք չէր երգել բեմում, բայց երկար մտածելուց հետո համաձայնեցի ու որոշեցինք երգել «Մոկաց հարսները»: Անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, որ ինքն էդքան լավ կերգի, բեմում շատ անկաշկանդ էր, ինչն ինձ շատ ուրախացրեց: Մասնագետներ կային, նրա երգելը լսեցին, ասացին, որ առաջին անգամվա համար շատ լավ է»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Ալլան:

 

 

Առաջին ելույթից հետո երկրորդ անգամ հանդիսատեսին ներկայանալու առաջարկը շատ սպասեցնել չի տվել սկսնակ երգչուհուն: ««Երգ երգոցի» եթեր հեռարձակվելուց մի քանի օր անց Ժանուլիկը բարեգործական համերգի մասնակցելու առաջարկ ստացավ: Սկզբում դարձյալ ուզում էի մերժել. ոչ մի ձայնագրություն չուներ, երբեք նվագախմբի հետ չէր աշխատել: Ի վերջո՝ կրկին մտափոխվեցի ու որոշեցի արագ ամեն բան կարգավորել ու ապահովել նրա մասնակցությունը:)»,- պատմեց երգչուհին:

 

 

Ըստ նրա՝ դուստրն առաջին անգամ ինքնակամ բեմ բարձրանալու և երգելու ցանկություն հայտնել է իր վերջին մենահամերգից առաջ: «Մենահամերգիս նախապատխաստական աշխատանքների ժամանակ Ժաննան ինձ ասաց, որ շատ է ուզում այդ օրն ինքն էլ ելույթ ունենալ, շատ վախեցա. այդ համերգն ինձ համար շատ կարևոր էր, բայց մերժել չկարողացա: Պետք է խոստովանեմ, որ նա պատվով դուրս եկավ պատասխանատվության տակից. ոչ միայն  լավ երգեց, այլև լավ պարեց:) Երգի ամբողջ բեմականացումն ինքն էր որոշել, ես ենթարկվել էի:) Հանդիսատեսը շատ լավ գնահատեց արդյունքը, բոլորը գոհ էին, մինչ այս միայն դրական կարծիքներ եմ լսել»,- նկատեց Ալլան:

 

 

Երգչուհի մայրիկի փոխանցմամբ՝ ինքն աղջկան ազատ է թողել ապագա մասնագիտության ընտրության հարցում, բայց շատ կուզենա, որ նա ուրիշ՝ ավելի լուրջ ուղի ընտրի: «Չեմ ասում, որ երգելը լուրջ չէ, բայց կուզեմ, որ երեխաս մեկ ուրիշ մասնագիտություն էլ ունենա: Օրինակ՝ ես Կոնսերվատորիան եմ ավարտել, ու եթե մի օր չերգեմ չգիտեմ՝ էլ ինչո՞վ կարող եմ զբաղվել, կուզեմ, որ ինքն ուրիշ զբաղմունք էլ ունենա, առավել ևս, որ լեզուներ էլ է շատ սիրում՝ մասնագիտացված դպրոցում է սովորում. տիրապետում է հայերենի, ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի ու գերմաներենի: Ինքը շատ է ցանկանում երգի պարապմունքների հաճախել, բայց մենք դեռ այդ ցանկություններին լուրջ չենք վերաբերում: Այս շրջանում զբաղվածությունը մեծ է, մինչև ժամը 6-ը դասի է: Լողի ու դաշնամուրի խմբակների է հաճախում, ավելի լավ է դեռ սրանցով զբաղվի, իսկ երգչուհի կդառնա, թե՝ ոչ՝ ժամանակը ցույց կտա»,- եզրափակեց Ալլան:

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը