Աչքերի քիչ հանդիպող գույներ ունեցող կանանց ծանոթ է իրավիճակը, երբ այս կամ այն ստվերաներկը, չնայած իր հիասքանչ ու դուրեկան գույնին, օգտագործելուց հետո իսկական պատուհաս է դառնում. աչքերը չեն փայլում, փոքր են երևում, մի խոսքով՝ ստանում են ոչ շահեկան տեսք: Ստվերաներկի ու թարթիչաներկի գույների ու նրբերանգների սխալ օգտագործումը նույնանման խնդրի առջև կարող է կանգնեցնել ոչ միայն կանաչ, այլեւ անգամ շատ հանդիպող շագանակագույն աչքերով գեղեցկուհիներին: Այսօր կփորձենք հասկանալ, թե ինչպես հարդարել այս կամ այն գույնի աչքերը, որպեսզի դրանք հնարավորինս շահեկան երևան:
Սկսենք կանաչ աչքերի առանձնահատկություններից: Այս գույնն ինքնին վառ է և պետք չէ ավելորդ գունային գամմաներ հաղորդել դրան: Խուսափեք վառ երանգներից: Շագանակագույն թարթիչաներկը հիասքանչ կնայվի կանաչ աչքերի ֆոնին: Ստվերաներկ ընտրելիս ուշադրություն դարձրեք բրոնզագույնին, ոսկեգույն խաղ ունեցողներին ու շագանակագույնի ամենատարբեր նրբերանգներին, հատկապես, շոկոլադե գույներին: Երեկոյան դիմահարդարման համար, երբ ցանկանում եք շեշտել աչքերի գեղեցկությունը, նախապատվությունը տվեք ոսկեգույնին կամ մուգ մանուշակագույնին: Մոռացեք կապույտի մասին, իսկ, ինչ վերաբերում է, վարդագույնին, այստեղ խորհուրդ տալ դժվար է: Դուք պետք է ողջ մեկ օր հատկացնեք և փորձեք գտնել վարդագույնի Ձեր երանգը: Պատրաստ եղեք այն բանին, որ այդ երանգը կարող է և չգտնվել:
Կապույտ աչքերի տիրուհիներին նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործել կապույտ ստվերաներկ, հատկապես, եթե այն ոչնչով չի տարբերվում աչքերի նրբերանգից: Խնդիրներ չունենալու համար օգտագործեք սևի, մոխրագույնի, շագանակագույնի, արծաթագույնի նրբերանգները: Երեկոյան դիմահարդարման համար վերցրեք սև մատիտ, իսկ առօրյա դիմահարդարման դեպքում նախապատվությունը տվեք մուգ շագանակագույն կամ մոխրագույն մատիտներին:
Մոխրագույն աչքերով գեղեցկուհիների գործը միանշանակ ավելի հեշտ է: Գունային իմաստով դուք կարող եք օգտագործել գրեթե ամեն ինչ: Ձեր ձեռքի տակ է գունային ողջ սպեկտրը, որից պետք է հանել միայն դեղինը, մուգ շագանակագույնը և նարնջագույնը: Այս երեք գույները կարող են տպավորություն թողնել, թե քիչ առաջ արտասվել եք: Երեկոյան դիմահարդարման համար վերցրեք Ձեր աչքերի գույնից երկու երեք տոն մուգ մոխրագույն ստվերաներկ: Այն ուղղակի ցնցող տեսք կհաղորդի Ձեր հայացքին: Նույնպիսի էֆեկտ կստանաք' օգտագործելով մուգ կապույտ տոներ:
Եվ վերջապես խոսենք հայուհիներին շատ ավելի բնորոշ գույնից: Շագանակագույն աչքերի տիրուհիների առջև «ոչ»-եր չկան: Դուք կարող եք առանց վայրկյան իսկ մտածելու ստվերաներկն ընտրել ըստ զգեստի գույնի, քանի որ շագանակագույն աչքերը կընդունեն բացառապես ցանկացած երանգ ու գույն:
Առօրյա դիմահարդարման համար հիանալի են շագանակագույնի երանգները: Վարդագույն ստվերաներկը փայլ կհաղորդի Ձեր հայացքին, մոխրագույնը' խորհրդավորություն: Երեկոյան դիմահարդարման ժամանակ նախապատվությունը տվեք վառ երանգներին: Մուգ մանուշակագույն մատիտը, օրինակ, կստեղծի իսկական ճակատագրական կնոջ կերպար: