«Լինում են պահեր, երբ էմոցիաներս կուտակվում են, ու որոշում եմ դրանք համերգների տեսքով արտահայտել»,- 168.am-ի հետ զրույցում ասում է երգչուհի Նարինե Դովլաթյանը: Երգչուհին վերջին շրջանում հաճախ համերգներ է տալիս երևանյան երաժշտական ակումբներում, որտեղ, բացի իր երգերը կատարելուց, երգում է նաև coverner' Սիայի, Սթիվի Ուանդերի, Սթինգի և այլոց երգացանկից: «Ուրախ եմ, որ արդեն կան մարդիկ, ովքեր սիրում ու սպասում են ինձ: Առաջիկայում սպասվում են նաև նոր համերգներ, բայց այս պահին չեմ կարող հստակ ասել՝ երբ և որտեղ: Բոլոր նորությունների մասին կիսվում եմ Facebook-ի իմ էջի միջոցով»,- ասում է Նարինեն: Երգչուհին ունի նաև նոր երգ, որը հասցրել է արդեն համերգների ժամանակ կատարել. «Երգը կոչվում է՝ «Cactus», հեղինակը Կարեն Գրիգորյանն է: Երգն ի սկզբանե սիրո մասին էր և մի փոքր էլ տխուր, բայց որոշեցինք փոփոխել միտքը, և վերնագիրն էլ դրեցինք «Cactus»: Երգն էթնո-ջազ ոճում է և իրականում այն սիրո մասին է, երբ սիրում ես, բայց երբեմն ստիպված ես լինում կակտուսի նման ծակել, որ սերը դրանից ավելի երկարի ու երբեք չվերջանա»: Նարինեի խոսքով' երգն անպայման կունենա տեսահոլովակ: «Նկարահանումները շուտով կսկսվեն: Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները»,- հավելեց երգչուհին: