«1965 թվականին դպրոցական Ռենդի Գարդները որոշում է փորձ անցկացնել' չքնել որքան հնարավոր է երկար ժամանակ: Նրան հաջողվում է չքնել 11 օր և նա հայտնվում է Գինեսի ռեկորդների գրքում»- գրում է psymag.am-ը:

Որոշ ժամանակ անց Ռենդիի ռեկորդն հաղթահարվում է, սակայն առողջության համար վնասակար լինելու պատճառով այս կատեգորիան հանվում է կազմակերպիչների կողմից: Չհաստատված ռեկորդներից ամենաերկարը 28 օրն է:

Սակայն ի՞նչ էր կատարվում Ռենդիի հետ այդ 11 օրերի ընթացքում: Հասկանալի է, որ սկզբից նա ուժեղ հոգնածություն էր զգում և շատ նյարդային էր դարձել: 5-րդ օրից սկսած՝ նրա մոտ սկսվում են հայտնվել ախտանիշներ, որոնք բնորոշ են Ալցգեյմերի հիվանդությանը: Այնուհետև նրա մոտ սկսվում են հալիցունացիաներն ու պարանոյա: Նրան սկսում է թվալ, թե ճանապարհային նշանները մարդիկ են, ինչպես նաև նա հավատում էր, որ ռադիոհաղորդավարն ուզում է իրեն սպանել:

Հետո Ռենդիի շարժողական ֆունկցիաները սկսում են արգելակվել, մատերը' դողալ, խոսքը դառնում է անհասկանլի, և նրա ուժերից վեր է լինում լուծել անգամ հասարակ մաթեմատիկական խնդիրները ու խնդրի լուծման կեսից նա սկսում էր մոռանալ, թե ընդհանրապես որն էր խնդիրը:

Վերջապես, 11-րդ օրում Ռենդին էլ չկարողացավ իրեն զսպել ու քնեց: Առաջին քունը տևում է մոտ 14 ժամ, այնուհետև մեկ օր արթուն մնալուց հետո նա քնում է ևս 8 ժամ: Դրանից հետո քնի նորմալ ցիկլը այլևս չի խախտվում:

Թեև համարձակ պատանին ինքնակամ էր գնացել փորձարկման, սակայն աշխարհում կան մարդիկ, որոնք նման ընտրություն չունեն: Գոյություն ունի հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություն' Fatal Familial Insomnia, որը, ինչպես հուշում է անվանման առաջին բառը, ավարտվում է մահվան ելքով: Այն սովորաբար սկսվում է սովորական անքնությունից և արագ զարգանում մինչև մկանային սպազմերն ու փսիխոզները: Այնուհետև հիվանդն ընկնում է կոմայի մեջ, որից հետո էլ անխուսափելիորեն հայտնվում է դիահերձարանում (ինչի համար հարազատները երբեմն անգամ ուրախ են լինում, եթե հաշվի առնենք այն տանջանքները, որոնց միջով անցնում է հիվանդը):

Գիտնականները նշում են, որ աննշան չափով քնից չհագենալն անգամ ազդում է մարդու մտավոր գործընթացների վրա: Նման մի շարք հետազոտություններ են անց կացվել բանակում, որտեղ քնից չհագենալը կյանքի մի մասնիկն է, բայց միաժամանակ մարդիկ պետք է կատարեն բարդ մտավոր աշխատանք (օրինակ' հրթիռատիեզերական զորամասերում, հակաօդային պաշտպանության զորքերում կամ հրետանային դիվիզիաներում):

Մեկ անքուն գիշերը նվազեցնում է զինվորի կամ սպայի կոգնիտիվ գործառույթները 30%-ով, երկու գիշերն անընդմեջ' 60%-ով: Իսկ 5 օր շարունակ 6 ժամից պակաս քնի դեպքում ծառայողն իրեն զգում է այնպես, ասես երկու օր շարունակ չի քնել: Սա կարող է սովորական խնդիրներից (գողության դեպքեր, ալկոհոլի օգտագործում) սկսած մինչև թանկարժեք տեխնիկայի հաճախակի վնասումների պատճառ դառնալ: Այս ամենը հաշվի առնելով' բոլորին հայտնի «солдат спит – служба идет» արտահայտությունը հոգեբանների համար մի փոքր այլ իմաստ է ստանում: