Այսօր esyes.am-ի էլեկտրոնային հասցեին նամակ էին գրել հետևյալ բովանդակությամբ.
«Քիմ Քարդաշյանի և Հրաչ Քեշիշյանի չստացված համագործակցությու՞ն, թե՞բամբասանք

Քիմ Քարդաշյանի մամլո խոսնակը հերքել է վերջերս համացանցում տարածված այն լուրը, ըստ որի' Քիմը պետք է նկարահանվեր հայազգի հայտնի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմում:
Ըստ հավաստի աղբյուրների' Հրաչ Քեշիշյանը պատրաստվում էր նոր ֆիլմ նկարահանել «Մեծ Եղեռնի» 100-ամյակին ընդառաջ և ֆիլմում գլխավոր հերոսուհու առաջարկ էր արվել Քիմ Քարդաշյանին, սակայն Քիմը մերժել էր»:

Կասկածի տակ առնելով լուրի բովանդակությունն ու հավաստիությունը' esyes.am-ը չհրապարակեց այն, սակայն կարճ ժամանակ անց լուրը ողողեց ամբողջ համացանցը' հայտնվելով էլեկտրոնային լրատվամիջոցներում:
Այս մասին զրուցեցինք ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ: Երբ ասացինք, որ համացանցում հրապարակումներ են հայտնվել, թե Քիմ Քարդաշյանը մերժել է իր առաջարկը, ի պատասխան նա էլ ծիծաղելով հարցրեց' ամուսնությա՞ն :)
Ռեժիսորը նշեց, որ նման բան չկա. «Առաջին հերթին ես այս շրջանում ֆիլմ չեմ նկարահանում: Քանի դեռ ֆիլմ չեմ նկարահանում, ձեռքիս տակ սցենար չունեմ և որևէ մեկին որևէ բան չեմ կարող առաջարկել: Բացի այդ, եթե նման բան լիներ, ինքս կասեի»: Ինչ վերաբերում է հարցին, ռեժիսորը երբևէ ցանկացե՞լ է Քիմ Քարդաշյանին իր ֆիմերում նկարահանել, որը կարող էր լրատվամիջոցներին այդ մասին նամակ գրելու առիթ հանդիսանալ, Հրաչը նշեց, որ նման բան նույնիսկ չի էլ մտածել: Տարածված մամլո հաղորդագրությանը Հրաչ Քեշիշյանը լուրջ չի վերաբերվում:
Ռեժիսորի հետ խոսեցինք նաև տեղեկատվության այն հատվածի մասին, թե պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել «Մեծ Եղեռնի» 100-ամյակին ընդառաջ. «Առավել ևս այս ժամանակահատվածում, կարծում եմ, այդ թեմայով չեմ նկարահանի: Այսինքն' դեռ չգիտեմ' ի՞նչ առաջարկեր կստանամ, բայց առայժմ նման առաջարկ չունեմ»:

Պարզաբանեց Ամալյա Հովհաննիսյանը