Սերը մարդկային ամենախորհրդակոր, ամենագեղեցիկ զգացմունքներից է։ Դրա մասին շատ է գրվել ու խոսվել։
Ոսկե օրենքներ.
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ։ ճշմարիտ սիրային, ամուսնական հարաբերությունների համար վստահությունը թթվածնի նշանակություն ունի։ Առանց դրա մեկը դառնում է կասկածամիտ, անհանգիստ, իսկ մյուսն ընկնում է հուզմունքների ծուղակը։ Նրան թվում է, թե ազատությունը կորցրել է։ Ուստի սովորեք վստահել ոչ միայն ձեր սիրեցյալին, այլև բուն հարաբերություններին։
ԱՆԿԵՂԾ ՇՓՄԱՆ ԿԱՆՈՆ։ Նորապսակների շրջանում մի տարածված սխալ կա. նրանց թվում է, թե երջանիկ ընտանեկան կյանքի համար բավական է պարզապես սիրել։ Բայց սերն արհեստական ծաղիկ չէ, որ խնամքի կարիք չունենա։ Այն, ինչպես բույսը, կարող է ծաղկել, կարող է և թոշնել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք այն փայփայում։ Անկեղծ շփումը սիրո համար նույնն է, ինչ ջուրը բույսի համար, առանց դրա չի ապրի։ Խոսեք միմյանց հետ ձեր զգացմունքների ու ցանկությունների մասին։ Անպայման պատմեք, թե ինչքան եք նրան սիրում ու գնահատում։ Եվ լավ վերաբերմունքը ձեր նկատմամբ մի ընդունեք որպես ինքնին հասկանալի բան։ Երախտապարտ եղեք։
ՆՎԻՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆ։ Որպեսզի իսկական սեր գտնեք, հարկ է, որ նախ անկեղծորեն ու անշահախնդիր նվիրեք ձեր մի մասնիկը։ Եթե ցանկանում եք սեր ստանալ, պետք է նվիրեք այն։ Եվ ինչքան շատ տաք, այնքան շատ կստանաք։ Եվ հիշեք, սիրո պաշարն անսպառ չէ։ Եվ սերը կորցնելու միակ միջոցը այն ուրիշներին., չտալն է։ Բայց խնդիրն այն է, որ շատերը չեն ցանկանում առաջինը տալ, նրանք սիրում են վերապահումներով. "Ես կսիրեմ քեզ, եթե դու էլ սիրես ինձ"։ Սպասում են, որ ինչ-որ մեկն առաջին քայլն անի։ Դա նույնն է, որ երաժիշտն ասի. "Ես կնվագեմ, եթե հյուրերն սկսեն պարել"։ ճշմարիտ սերը փոխարենը ոչինչ չի պահանջում։
ՀՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆ։ Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումներից է։ Այն քանդում է արգելքները և ամրապնդում փոխհարաբերությունները։ Հոգեբանները նույնիսկ խորհուրդ են տալիս ընտանիքում բնականոն մթնոլորտը վերականգնելու համար հատուկ վարժություններ անել, հաճախակի հենց այնպես գրկեք զուգընկերոջը, առանց սեքսուալ շարժառիթների, չարաճճիություններ արեք, ինչպես երեխաները, մարդկանց մեջ միմյանց ձեռք բռնեք, ինչպես պատանի սիրահարները։ Երբ գուրգուրանքով հպվում եք ինչ-որ մեկին, փոխվում է նաև ձեր ֆիզիոլոգիան, նվազում են սթրեսների հորմոնները, թուլանում է նյարդային համակարգը, լավանում է հուզական վիճակը։ Իմաստուն մարդիկ ասում են՝ եթե օրվա ընթացքում քնքշանքով չեք գրկում 7-8 մարդու, ապա դատապարտված եք հիվանդության։
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ: Եթե մարդուն սիրում եք, ապա ազատություն տվեք նրան։ Ընտրելու ազատություն, սիրելու ազատություն, իր ուզածին պես ապրելու ազատություն, և ոչ այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Իհարկե, դա հեշտ բան չէ։ Բայց ուրիշ ելք չկա։ Որպեսզի մարդ իրեն թակարդում չզգա, անձնական տարածություն է անհրաժեշտ։