esyes.am-ը առիթ ունեցել է անդրադառնալու ջազ երգչուհի Էմմա Ասատրյանին, ում խոսքերով' ինքը շոուբիզնեսի կողքով է քայլում:
Տևական դադարից հետո, որը պայմանավորված էր երգչուհու նշիկների վիրահատությամբ, Էմման շուտով նոր տեսահոլովակով կներկայանա:

Երգչուհու խոսքերով' դադարը կապված էր նաև այն բանի հետ, որ նոր գործ ստեղծելը երկարատև աշխատանքի արդյունք է. «Զարմանում եմ, թե ինչպես են շատերը տարվա ընթացքում 4-5 տեսահոլովակով ներկայանում: Եթերներում լինելու համար չեմ աշխատում, ցանկանում եմ նոր, հետաքրքիր ու լավ բան անել»,-նշեց Էմման և ավելացրեց, որ իր մոտ ամեն բան մեծ դժվարությամբ է ստացվում:

Երգչուհու նոր երգը կոչվում է «Շիկահեր և կարճատես», որի բառերի և երաժշտության հեղինակն ինքն է, իսկ գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակը, որի ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, նկարահանվել է «Հայ ֆիլմ»-ում: Նշենք, որ նկարահանման սրահը պատրաստվել է մոտ մեկ ամսվա ընթացքում, իսկ երբ Էմման և անձնակազմի մյուս անդամներն առավոտյան նկարահանման են գնացել, պարզվել է, որ անձրև է եկել ու ամբողջ տաղավարը թրջվել է:

Երգի մասին խոսելիս' երգչուհին նշեց, որ երգը կատվի մասին չէ. պարզապես ինքը տղամարդկանց համեմատել է կատուների հետ' նշելով' «Շիկահեր ու կարճատես. շատ նման է քեզ»: «Թեև ավելի հաճախ կանանց են համեմատում կատուների հետ, սակայն ես տղամարդկանց նկատի ունենալով եմ գրել այս երգը: Նրանք էլ, կատուների բնավորություն ունեն. նրանց պահում փայփայում ես, բայց մի օր որոշում են հեռանալ»,- esyes.am-ին ասաց երգչուհին և հավելեց, որ նկարահանումներին մասնակցել է իր ընկերուհու կատուն: -Մեր փիսոն սկզբում դողում էր, որովհետև նրան մեծ ակնոց էինք դրել: Մեկ մեկ էլ նկարահանման ընթացքում քնում էր, որովհետև ձագուկ փիսո է»:

Մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Էմմայի նոր տեսահոլովակը, որում համակարգչային 3D էֆեկտներ են օգտագործվել:
Էմմայի և նրա ընկերոջ' ռեժիսոր Վահան Բադալյանի ընկերության մասին «Ես»-ն իր ընթերցողներին արդեն պատմել է: Երգչուհին մեզ հայտնեց, որ անձնական կյանքում դեռ փոփոխություններ չկան. առայժմ չի պատրաստվում նշանադրվել կամ ամուսնանալ:

 

 

Զրուցեց Արևիկ Իսաջանյանը