Իտալացի լեգենդար դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդային պատկանող դեղին ադամանդը ռեկորդ է սահմանել շվեյցարական Ժնև քաղաքում կայացած Sotheby’s աճուրդի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է tert.am-ը` հղում տալով Лента-ին, 74.53 կարատանոց ադամանդը, որը նախքան դերասանուհու մոտ հայտնվելը պատկանել է պարսից շահ Ահմեդ Կաջարին (1909-1925թթ.), վաճառվել է 2,985 մլն դոլարով։
Associated Press-ը նկատում է, որ նմուշը ռեկորդ է սահմանել՝ որպես Sotheby’s-ի կողմից ամենաթանկ վաճառված դեղին ադամանդ՝ 1 կարատի դիմաց 40 հազարից ավելի դոլար։ Նախքան աճուրդի սկսվելը փորձագետներն ակնկալում էին 1.4-1.8 մլն դոլարով այն վաճառել։ Թե ո՞վ է ձեռք բերել թանկարժեք քարը, ավանդույթի համաձայն, չի հայտարարվել։
Բացի ադամանդից, 2.39 մլն դոլարով վաճառվել են նաև Լոլոբրիջիդային պատկանող մարգարտյա օղերը (Bulgari)։
Ընդհանուր առմամբ, Ժնևում կայացած աճուրդի շրջանակներում է վաճառվել է 78 մլն դոլարի զարդ։
Ավելի վաղ Լոլոբրիջիդան հայտնել էր, որ պատրաստվում է աճուրդի միջոցով վաճառել իր զարդերը, որպեսզի ստացված գումարով ֆինանսավորի Իտալիայում ցողունային բջիջներով բուժման գծով մասնագիտացած հիվանդանոցի կառուցումը։