Լավ հայր եք, թե ոչ, պարզ կդառնա ժամանակի ընթացքում: Ինչ կդառնան Ձեր երեխաները և ինչպիսին կլինեն նրանց հարաբերությունները ծեր ծնողների հետ. ահա իրական չափորոշիչը, որով կարելի է պարզել, թե ինչպիսի հայր եք եղել: Իսկ քանի դեռ երեխաները մեծանում են, ամեն ինչ մշուշոտ է: Չնայած մարդկության դարավոր փորձին, ստիպված եք սովորել Ձեր իսկ սխալների վրա: Սակայն սխալները կարող են քիչ լինել, եթե հետևեք մի քանի խորհուրդների.
Առաջնահերթությունները ճիշտ սահմանեք
Անքննելի է, որ երեխաները ամենակարևոր բանն են մեր կյանքում: Սակայն նրանցից բացի կան այլ հոգսեր: Երեխաները չպետք է դառնան կյանքի միակ արժեքը: Հայրիկը շրջապատող աշխարհի պարտադիր ատրիբուտ չպետք է դառնա: Լիարժեք կյանքով ապրող հայրիկը փոքրիկի համար ապագայի լավագույն օրինակն է:
Սովորեք ասել «Ոչ»
Ուրախ ու չարաճճի փոքրիկին հետևելը հաճելի է, եթե չարաճճիությունները չափի մեջ են: Երբ փոքրիկը տարվել է չարաճճիություններով ու կամակորություններով, տրամաբանական փաստարկներն այդ պահին չեն օգնի: Փոխարենը հայրիկի հեղինակավոր «ոչ»-ը հստակ է ու հասկանալի: Փոքրիկին զգացնել տվեք, որ դուք միշտ տեղյակ եք իր գործերից և լավ գիտեք, թե ինչն է լավ, ինչը վատ:
Փոքրիկին ընտրության առաջ մի կանգնեցրեք
Տարբեր պատճառներով փոքրիկին հաճախ ենք կանգնեցնում ընտրության առաջ: Օրինակ, «հավաքիր սենյակը, թե չէ այսօր համակարգչից կզրկվես»: Եթե փոքրիկն ինքն է ընտրում, թե որն է իր համար կարևոր'պահանջը կատարելը, թե հաճույքից զրկվելը, նման պարագայում հայրական հեղինակությունն այլևս այնքան էլ կայուն չէ:
Պահեք մեծահասակների հեղինակությունը
Փոքրիկները միշտ շրջապատված են բազմաթիվ մեծահասակներով' հարևաններ, ուսուցիչներ, մարզիչներ և այլն: Ինչ-որ չափով նրանց հեղինակությունից է կախված ծնողների հեղինակությունը փոքրիկի մոտ: Աշխատեք ցանկացած կանֆլիկտ լուծել առանց փոքրիկ դիտորդների:
Ձեզ պատվո հարթակ մի հանեք
Հեղինակություն վայելող հայր լինելը չի նշանակում լինել անհասանելի իդեալ: Եղեք կյանքի մի մասնիկը, Ձեր կերպարը մի վերածեք անհասանելի աստվածության: Ընդունեք Ձեր թերությունները, մի ժխտեք Ձեր սխալները, մի վախեցեք փոքրիկից ներողություն խնդրել:
Եղեք ընտանիքին նվիրված
Ընտանեկան հարաբերությունները պետք է կարևոր լինեն մնացած ամեն ինչից: Երբ արտաքին աշխարհի հետ կոնֆլիկտ կա, բռնեք Ձեր փոքրիկի կողմը և նույնը պահանջեք նրանից Ձեր և ընտանիքի մյուս անդամների նկատմամբ:
Միշտ տղամարդ մնացեք
Խոսքը տնային գործերի մասին չէ. կարևոր չէ, թե ով է տան վաստակն ապահովում և ով ընթրիք պատրաստում: Կարևորը տղամարդուն բնորոշ բնավորության գծերը պահպանելն է' եղեք վճռական, ուժեղ ու էներգիայով լեցուն:
Հիշեք, որպեսզի լավ հայր դառնաք, միայն ճիշտ քայլերը բավարար չեն: Պետք է սրտանց ցանկանաք ու ձգտեք լինել այդպիսին:
Հաջողություն Ձեզ