Փարիզում այսօր բացվում է աշխարհի ամենահայտնի օծանելիքին՝ Chanel №5-ին նվիրված ցուցահանդեսը, հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Նախկինում երբեք նման խոշոր ցուցադրություն նվիրված չի եղել օծանելիքին՝ միաժամանակ որպես նյութական իրի, արվեստի գործի և ժամանակակից քաղաքակրթության ֆենոմենի։
Մոսկվայում ծնված լեգենդար պարֆյումեր Էռնեստ Բոյի կողմից և Կոկո Շանելի անմիջական մասնակցությամբ ստեղծված այս օծանելիքը ժամանակակից աշխարհում ստացել է գրեթե առասպելական կարգավիճակ։ Ներկայիս ցուցադրությունը թույլ է տալիս ծանոթանալ օծանելիքի ստեղծման պատմությանը։
Ցուցադրությունը տալիս է նաև ավանդական հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է անվան մեջ նշվում 5 թիվը։
«Այս օծանելիքը լռության արվեստ է։ Ինչպես պոեզիան և երաժշտությունը, այն իր մեջ գաղտնիքների փունջ է պարունակում»,- ասել է ցուցադրության կազմակերպիչ Ժան Լուի Ֆրոման։
Յուրահատուկ տեղ է հատկացված Chanel №5-ի հայտնի շշի ստեղծման պատմությանը։
Ցուցահանդեսն անցկացվում է Palais de Tokyo փարիզյան հայտնի ժամանակակից արվեստների կենտրոնում և կտևի մինչև հունիսի 5-ը։