
Իվետա Մուկուչյանի բացառիկ հարցազրույցը ArmStar.am-ին:
Իվետա Մուկուչյանը կրկին Հայաստանում է: Երգչուհին վերջին շրջանում շատ շրջագայություններ է ունեցել: Գերմանիայում վերջերս համերգ է ունեցել և մի քանիսն էլ պլանավորում է առաջիկայում: «Ես Գերմանիայում ունեմ նոր մենեջմենթ, բավական ծանր գործեր են հիմա այնտեղ կատարվում: «The Voice of Germany»-ից հետո առաջարկները շատ են, իմ մենեջմենթը հիմա փորձում է ճիշտ կապեր ստեղծել, ճիշտ պրոդյուսերների հետ ծանոթանալ: Բեռլինում մի քանի համերգներ եմ ունեցել, նաև մի քանիսը պլանավորում ենք առաջիկայում: Այնպես որ, շատ զբաղված եմ»:
Այս անգամ Իվետա Մուկուչյանի Հայաստան գալու հիմնական պատճառը պետական քննություններ հանձնելն է: «Ես այստեղ եմ իմ պետական քննությունները հանձնելու համար: Անկեղծ ասած, կարծում էի, որ այս անգամ Հայաստանում օրերս հանգիստ կանցնեն, որովհետև այստեղ միշտ վազվզոցի մեջ եմ լինում, բայց էլի չստացվեց, մինչ Գերմանիա գնալս մի քանի բան պիտի հասցնեմ անել, բայց դա թող մնա անակնկալ»,- ծիծաղով ավելացրեց Իվետան:
ArmStar.am-ը հետաքրքրվեց նաև, թե երգչուհին չի՞ պլանավորում արդյոք մշտական բնակություն Հայաստանում: «Վերջին չորս տարիները ես հիմնականում Հայաստանում եմ ապրել՝ առաջին հերթին ուսմանս համար ու շատ-շատ բան եմ սովորել այստեղ, բայց ուսումս ավարտելուց հետո ինձ նոր երկիր է սպասում: Իհարկե ես միշտ կապ կունենամ Հայաստանի հետ, նոր երգեր ու գործեր կանեմ հայ ժողովրդին ներկայացնելու համար, բայց, ցավոք մշտական բնակվել կամ ավելի հաճախ գնալ-գալ չեմ կարող»,- ասաց երգչուհին, սակայն մի պահ տարակուսեց. «Չնայած որ այստեղ էլ մի քանի նախագծերի առաջարկներ կան, կարող է և ավելի հաճախ գամ»,- ժպիտով ավելացրեց Իվետան:
Նա վերջերս իր մասնակցությունն է ունեցել նաև «Նոր ալիք-2013” մրցույթին, ArmStar.am-ին հետաքրքրեց նաև, թե ըստ Իվետայի մասնակիցների միջև ի՞նչ հիմունքներով էր անցկացվում մրցույթը: «Շատ լավ է, որ Մաշան անցավ, ես շատ ուրախ եմ նրա համար: Այնպես ստացվեց, որ առաջին օրը ես ու Մաշան անցանք, իսկ երկրորդ օրը ես չանցա այն պատճառով, որ երկար ժամանակով այնտեղ մնալ չէի կարող: Իսկ ժյուրիի համար շատ ավելի կարևոր էր փորձերին մեր մասնակցությունը: Երբ Կրուտոյն ու ժյուրիի մյուս անդամները մեզ հարցրին, թե ով կարող է ամսի 24-25-ը մասնակցել փորձերին, ես ձեռք բարձրացրի ու ասացի, որ ցավոք մասնակցել չեմ կարող, քանի որ այդ օրերին Գերմանիայում համերգ ունեի ծրագրած: Նրանք էլ ինձ ասացին, ուրեմն կներեք. դուք չեք կարող անցնել հաջորդ փուլ»,- ծիծաղով մեջբերեց զրուցակիցս:
Փորձերը ժյուրիի համար կարևոր է տեսնելու համար, թե ով ինչպես է աշխատում: Ստացվում է, որ Իվետա Մուկուչյանը «ինքնակամ» է հրաժարվել «Նոր ալիք-2013» մրցույթից: Չնայած սրան' երգչուհին փայլեց համեստությամբ. «Հնարավոր է, որ ես մասնակցեի փորձերին ու էլի իրենք որոշեին, որ Մաշան պիտի անցնի ու ներկայացնի Հայաստանը: Ես իհարկե հետո իմացա, որ ժյուրիի անդամներից ոմանք շատ ափսոսացել էին, որ ես չեմ անցել»:
Այս պահին երգչուհին մի քանի նոր երգերի ձայնագրման ուղղությամբ է աշխատում, սակայն կոնկրետ որևէ գործ չնշեց: «Տեսահոլովակի պրեմիերան ընդգրկված է իմ անակնկալների շարքում, որոնք մինչև իմ մեկնելը կարծում եմ կհասցնեմ ցույց տալ»,-նշեց Իվետան: ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում Իվետան նշեց նաև, որ այսօր իր անձնական կյանքում նորություններ չկան և, որ երգչուհին շատ երջանիկ է: «Առհասարակ իմ անձնական կյանքի մասին խոսել չեմ ուզում, մի բան կասեմ, որ հիմա ազատ եմ ու շատ երջանիկ: Ես շատ երջանիկ եմ նախևառաջ նրա համար, որ ինքս իմ ուժերով եմ ամեն ինչ անում, ինձ առաջ տանող չկա, ես զրոյից եմ սկսել և բավական ամուր եմ ոտքերս գետնին դնում: Ես նույն Իվետան եմ, հայտնի դառնալն ինձ չի փոխել, պարզապես հիմա ավելի փորձառու եմ»:
Իվետայի երգարվեստը բավական տարբերվում է այսօր լայն տարածում գտած ժանրերից, որոնք հիմնականում «տաշի-տուշիի» կամ քեֆ-ուրախության համար են գրվում: Եվ ArmStar.am-ի մոտ հարց առաջացավ, թե ինչպե՞ս է երգչուհին գումար վաստակում, որտեղի՞ց է գոյանում նրա բյուջեն, որ կարողանում է տեսահոլովակներ նկարել: «Ես ամեն բան անում եմ ինքս, իմ ծնողների օգնությամբ: Գերմանիայում իմ քրտնաջան աշխատանքով եմ գումար վաստակում: Իհարկե միլիոններ չեն, բայց ես ուզում եմ իմ աշխատանքով երաժշտության մեջ հետք թողնել»:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը /ArmStar.am/