Շատերս մինչ օրս էլ հիշում ենք 2006-ին մեկնարկած «Հայ սուպերսթար» մրցույթին մասնակցած Նարեկ Գևորգյանին, ով ձեռք էր բերել կիթառի տղայի համբավ, քանի որ հաճախ հենց դրանով էր ամբողջացնում երաժշտական իր համարները: Վերջերս նա մասնակցեց նաև «Հայաստանի ձայնը» նախագծին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով իր մասին: Նշված նախագծում Նարեկն անցավ կույր լսումների փուլն ու ընդգրկվեց Սոնայի թիմում, սակայն զուգերգի փորձությունը չկարողացավ հաղթահարել և դուրս մնաց նախագծից: esyes.am-ը զրուցել է Նարեկի հետ, ով երաժշտական այս նախագծին մասնակցելու մասին խոսելիս անկեղծորեն խոստովանեց. «Մասնակցեցի կրկին հիշվելու համար: Ինձ համար երաժշտությունը մրցույթ չէ: Կարծում եմ՝ իսկական երաժշտին պարզապես պետք է տարբերել, որովհետև յութուբում նայում և տեսնում ենք, որ համաշխարհային ջազ նվագողը երկու հազար, իսկ Ջասթին Բիբերը երկու միլիարդ դիտում ունի: Որպես երաժիշտ՝ ես կարողանում եմ տարբերել իսկական երաժշտին ու ինձ համար դիտումները կարևոր չեն»:
Նարեկը «Սուպերսթարից» հետո էլ շարունակել է համերգներ ունենալ ու երգել, նվագել փաբերում: «Կարելի է ասել, «Սուպերսթարից» հետո լուրջ չեմ վերաբերվել այդ ամենին. երգն ու կիթառն ինձ համար հոբբի էր: Երգում էի իմ հավեսի համար,-ասաց Նարեկն ու հավելեց, որ ավելի ուշ նրան հնարավորություն է ընձեռնվել բացահայտելու կիթառի որոշ գաղտնիքներ և հմտության դասեր քաղել: -2008-ին նվագում էի ակումբներից մեկում և երգչուհի Անչոկն ինձ առաջարկեց քոլեջ գնալ և Սիմեոն Սիսոյանի մոտ կիթառի դասեր առնել: Այդ ժամանակ աչքերս բացվեցին: Մինչ այդ ինքնուս էի նվագում, իսկ դրանից հետո որպես կիթառիստ մեծ աճ ունեցա, իսկ երգը մինչև հիմա էլ իմ մեջ կերտում եմ: Սիմեոն Սիսոյանն ինձ ցույց տվեց այն ճանապարհը, որով կարելի է լավ կիթառ նվագել սովորել»:
Նարեկը, ով այժմ երկու կիթառ ունի, առաջիկայում ևս մեկը գնելու ցանկություն ունի: «Առաջին կիթառս «Սուպերսթարինն» է, որը ներկել ու ձևափոխել ենք. մեկ ուրիշն էլ ունեմ, սակայն պատրաստվում եմ ևս մեկը գնել: Կիթառիստի համար երկու-երեք գործիքը շատ քիչ է, նույնն է, որ աղջիկն ընդամենը երկու զույգ կոշիկ ունենա:) Հիմա գումար եմ հավաքում, որ նորը գնեմ»,-ասաց Նարեկը և հավելեց, որ կցանկանար SRV-ի կիթառն ունենալ, ով եթե շուտ չմահանար, ապա Էրիկ Կլեպտոնից հայտնի կլիներ:
Նարեկը պատմեց, որ նաև խումբ ունի, որի անդամները պարբերաբար փոփոխվել են: Խումբը վերջերս իր համար անուն է ընտրել. կոչվում է՝ «Դոկտոր Գևորգյան»: Նրանք այժմ շարունակում են ելույթներ ունենալ և երգել փաբերում: Խումբը քավերներ է անում ու նվագում ակումբասեր հասարակության համար: Նարեկի խոսքերով' պատահում է, որ իրենք են առաջարկում համերգով հանդես գալ: «Պարզապես Հայաստանում, եթե սոլիստն է առաջարկում համերգ ունենալ, սխալ են հասկանում ու մտածում՝ իրեն այդ ինչքան է պետք, որ ինքն է նախաձեռնել»,-ասաց 24-ամյա կատարողը:
Նարեկը նաև երգեր է գրում: «Բառերը ես եմ գրում, իսկ ընկերս թարգմանում է, քանի որ ես հայերենով եմ ստեղծագործում, սակայն մեր ոչ բոլոր երգերն են հայալեզու: Արդեն նաև տեսահոլովակ ենք նկարահանել' «Չինա» երգի հիման վրա,- esyes.am-ի հետ զրույցում նշեց Նարեկն ու բացատրեց, թե ինչու «Չինա»: -Այդ երգը մի աղջկա է նվիրված, ում ժամանակին սիրահարվել էի: Նրա անունը Թերեզա էր, իսկ մականունը' Չինա, երգն էլ հենց այդպես է կոչվում: Տեսահոլովակը դեռևս մոնտաժային փուլում է: Մեր տեսահոլովակը ներկայացնում է այն իրավիճակը, թե ինչպես ենք պատրաստում երգը: Ինձ համար ամենակարևորն այն է, որ երգը լսվի, իսկ տեսահոլովակը չպետք է խանգարի երգին»:
Նարեկի խոսքերով' սիրում է կոմերցիա ասվածը, սակայն հայկական շոուբիզնես մուտք գործելու ցանկություն չունի. «Եթե ցանկանայի, այժմ կիթառով ռաբիս կնվագեի»: Նարեկը նշեց, որ իրեն հատուկ հոգեվիճակ է «անհրաժեշտ» երգ գրելու համար. «Պետք է մի բան հետդ կատարվի, որպեսզի երգ գրես. եթե նորմալ լինես, չես կարողանա գրել, պետք է կամ շատ ուրախ, կամ տխուր լինես»:
Երիտասարդ կատարողի համար այժմ ամենակարևորը որպես մարդ կայանալն է. «Կարծում եմ, ամեն ոք պետք է իր սեփական աշխատանքով հասնի այն ամենին, ինչ ցանկանում է ունենալ: Ինքս մյուս ամսվանից երաժշտական դպրոցում կիթառի դասեր եմ տալու»:
Նարեկի փոխանցմամբ' նախագծից հետո շարունակում է շփվել մասնակիցների, մասնավորապես' Լիլիթ Հովհաննիսյանի, Սուսաննա Պետրոսյանի, Տաթևիկ Հայրապետյանի, Լևոն Բեգլարյանի հետ: «Միհրանի (նկատի ունի Միհրան Ծառուկյանին,-հեղ) հետ էլ նորմալ հարաբերություններ ունենք, պարզապես վերջին շրջանում զբաղվածության պատճառով չենք հանդիպել,- ասաց Նարեկը և նշեց, որ Լիլիթ Հովհաննիսյանը մրցույթից հետո ընդհանրապես չի փոխվել,- Լիլիթը շատ լավն է, իր նման հրաշք մարդ չկա ինձ համար: «Սուպերսթարի» նույն Լիլիթն է մնացել. նրա հետ շփվելիս հասկանում ես, որ մարդը մարդ է մնացել ու մրցանակներն ու հայտնիությունը ոչինչ չեն փոխել նրա բնավորության մեջ: Նա 50 համերգ է ունեցել տարվա ընթացքում, սակայն նույն անմիջական մարդն է մնացել: Նույն անջատված Լիլիթն է:)»:
Երգչի սիրտն այժմ զբաղված է: Մոտ մեկուկես տարի է' ընկերուհի ունի: Նրա ընտրյալը' Դիանան, պարուհի է, սակայն այժմ իր մասնագիտությամբ չի աշխատում: «Նրա հետ փաբում ենք ծանոթացել, սկսել ենք շփվել, սակայն ռոմանտիկ ամերիկյան բաներ չեն եղել»,-նշեց Նարեկը: