Գևորգ Բարսամյանը նոր տեսահոլովակ է նկարահանել: Երգը փոքրիկերի մասին է և նրանց համար: Ի զարմանս բոլորիս, ռեստորանային երգիչը, ով նախկինում երգում էր մեծահասակ հանդիսատեսի համար, այժմ «ծառայում է» փոքրիկներին: Գևորգ Բարսամյանն ArmStar.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, որ առաջին անգամ այս երգը կատարել է դեկտեմբերին և նվիրել է իր ընկերոջ աղջկան: «Առաջին անգամ այս երգը դեկտեմբերին նվեր-անակնկալ եմ արել ընկերոջս բալիկին, հետո որոշեցի տեսահոլովակ նկարել, որտեղ հերոսուհին լինի հենց այդ փոքրիկը»:
«Առհասարակ, երբ նկարում ենք տեսահոլովակ, մեծերն են հավաքվում, քեֆ անում, հիմա ես որոշեցի, որ փոքրիկներն էլ ուրախանան: Երգերը միայն մեծերի համար չեն, նաև փոքրերի համար են»,- ավելացրեց երգիչը: Գևորգ Բարսամյանը համաձայնեց լրագրողի այն կարծիքի հետ, թե երգը հիմնականում ծառայում է այն նպատակին, որ այն կատարվի նաև մանկական խնջույքների, տոնակատարությունների ժամանակ: Նշենք, որ երաժշտության և խոսքերի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, տեսահոլովակի ռեժիսորը' Սուրեն Թադևոսյանը: «Մտահղացումն իմն է: Ինքն անպայման ասեց, որ շեշտեմ, որ մտահղացումն իմն է եղել»: «Ինքը» ասելով Գևորգը նկատի ուներ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանին: «Իմ կարծիքով ինձ մոտ ստացվել է»,- ուրախությամբ ավելացրեց Գևորգը:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը