Թինաթին Գիգիեւի Կանդելակի. սա է հայտնի հեռուստահաղորդավարուհի, սկանդալների սիրահար, միշտ բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող, սրամիտ և պարզապես գեղեցկուհի Թինա Կանդելակիի ամբողջական անունը: 1975թ. նոյեմբերի 10-ին Վրաստանի Թիֆլիս քաղաքում է ծնվել հետագայում ամենահամարձակ ու անկաշկանդ վրացուհի համարված Թինան:
Շատերը նրա տաղանդը, գեղեցկությունը և ընդհանրապես վառ անհատականությունը վերագրում են արմատներին: Նրա երակներում հոսում է ոչ միայն հպարտ վրացու արյուն, այլև գեղեցկուհի հայուհու և թրքուհու: Հենց այս տարատեսակության շնորհիվ էլ ծնվեց տաղանդավոր, գեղեցկուհի և խելացի կին' վառ անհատականությամբ և համարձակ բնավորությամբ: Նրա մանկությունից շատ քիչ բան է հայտնի: Սովորել է հատուկ՝ զինվորականների երեխաների համար նախատեսված դպրոցում: Հետագայում Թինան խոստովանում է, որ դպրոցում իր համար հեշտ չի եղել: Տղաները առիթը բաց չեն թողել նրան ծաղրելու' անվանելով «Բուրատինո» և երգելով հենց նրա առաջ փայտե տղայի մասին երգը. «Դա հիանալի թունավորում էր մանկությունս: Ես գնալով բարդույթավորվում էի»:
Սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև առաջին կուրսում Թինան որոշեց մասնակցել տեղի հեռուստաընկերություններից մեկի քաստինգին: Բոլորը հիացած էին նրա շարջուձևով, ազատությամբ, տեսքով: Միակ խնդիրն այն էր, որ նա բոլորովին չէր խոսում վրացերեն: «Ես խոստացա ինքս ինձ, որ պետք է սովորեմ այն երեք ամսում, ինչ էլ որ ինձնից պահանջի դա»: Հենց այստեղից էլ ձևավորվում է նրա նպատակասլացությունը: «Չկա մի բան, որ մարդ չկարողանա: Կան շատ բաներ, որ մենք ուղղակի չենք ուզում անել»: Այսպիսով ձևավորվեց նրա հաջողության առաջին բանաձևը. «Տեսնում եմ նպատակը, չեմ տեսնում խոչընդոտներ դրան հասնելու համար»:
Այս ընթացքում Թինան դիմածնոտային վիրաբուժություն էր սովորում բժշկական համալսարանի առաջին կուրսում: Դասախոսները կարծում էին, որ աղջկա հրապուրանքը շոու բիզնեսով պատանեկան շփոթություն է, որը շուտով տեղի կտար լուրջ մասնագիտությանը: Բայց Թինան այդպես չէր մտածում: Նրա համար բավականին կաշկանդող էին բժշկի սպիտակ խալաթը և ատամնաբույժի գործիքները: Բացի այդ, նա դեռ 11 տարեկանում երազում էր հեռուստաաստղի կարիերայի մասին:
Աշխատելով հեռուստատեսությունում' Թինան հասկացավ, որ լրագրողի և հաղորդավարի մասնագիտությունն իր կիրքն են: Նա թողնում է ուսումն ու սկսում սովորել Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Սակայն հեռուստահաղորդավարի աշխատանքը և ուսումը Թինային չեն բավարարում: Նա սկսում է աշխատել նաև ռադիոյում: Վրաստանում այլևս չէին հերիքում պայմանները Թինայի հետագա առաջընթացի համար: Իր հաղորդումներից մեկում նա ասում է. «Վերջ, ես հաստատ տեղափոխվում եմ: Հաջորդ Նոր տարին կնշեմ ուրիշ երկրում»:
Եվ այդպես էլ արեց. մեկնեց Մոսկվա' ապացուցելու, որ Վրաստանն իր համար շատ փոքր է և իրեն ավելի մեծ ասպարեզ է պետք՝ ստեղծագործելու: Շնորհիվ բավականաչափ աշխատանքային փորձի, Թինան շատ արագ տեղավորվում է աշխատանքի մոսկովյան ռադիոներից մեկում: Իսկ դա ուղիղ ճանապարհ էր դեպի հեռուստատեսություն, դեպի աստղային կարիերա: Թինան սկսում է աշխատել Муз-ТВ, ТВ-6, 2х2 հեռուստաընկերություններում' միաժամանակ շարունակելով ռադիոհաղորդավարի աշխատանքը Радио для взрослых, М-радио և Серебряный дождь ռադիոկայաններում: Նա միանգամից երեք հաղորդում է վարում ТВ-6 հեռուստաընկերությունում' «Ой, мамочки», «Алле, народ!», «Я знаю все»: Շատերին զարմացնում էին Թինայի աշխատասիրությունն ու նպատակասլացությունը: «Եղել է ժամանակ, երբ երեք օր շարունակ անգամ մեկ ժամով աչք չեմ փակել: Աշխատանքն էր այդպիսին: Ուզում ես հասնել հաջողության' մի տրտնջա և աշխատիր ուժերիդ ներածին չափով»:
5 տարվա ընթացքում Թինան այնպիսի հաջողություն գրանցեց, որ ամբողջ ռուսաստանյան շոու բիզնեսը հիացած էր նրա աշխատանքով: Բոլորը ճանաչեցին Թինա Կանդելակիին:
Աշխատանքում գրանցած հաջողությունները թույլ չէին տալիս Թինային զբաղվել անձնական կյանքով: 1997-ին Մոսկվայի ռեստորաններից մեկում Թինան հանդիպում է իր ապագա ամուսնուն' Անդրեյ Կոնդրախինին:
Երկկողմանի համակրանք է առաջանում նրանց միջև: Երկու տարի շարունակ Անդրեյը սպասում է, թե երբ է Թինան համաձայնություն տալու իր առաջարկությանը' դառնալ իր կինը: 1999-ին զույգը պաշտոնապես ամուսնանում է: Այդ պահից Թինայի անձնական կյանքը մտնում է բոլորովին այլ փուլ' ընտանիք, ամուսին, շուտով նաև երեխաներ: Ընդհանրապես Թինան դուրս է բոլոր կաղապարներից, նա համարձակորեն ժխտում է դրանք: Նախ նա չնվիրվեց ամբողջովին իր ամուսնուն և ընտանիքին, ինչպես բնորոշ է ընդհանրապես կովկասյան կանանց: Եվ երկրորդ, արդեն բավականին ճանաչում ունեցող, սիրված հաղորդավարուհին ամուսնացավ աղքատ ռուս տղամարդու հետ, որի մեքենան հենց հարսանիքի ժամանակ մաս-մաս եղավ: «Ես շուտ ամուսնացա և շուտ երեխաներ ունեցա: Իմ արքայազնը չուներ շքեղ առանձնատուն կամ մեքենա: Վրաստանում յուրաքանչյուր փոքրիկ աղջկա դեռ մանկուց ծնողները սովորեցնում են, որ պետք է ամուսնանալ այն տղամարդու հետ, որը քեզ միայն թագուհու կյանք կպարգևի: Ես ընտրեցի Անդրեյին, թեկուզև գիտեի, որ լավ կյանք նա ինձ խոստանալ անգամ չի կարող»:
Հենց հաջորդ տարում Թինան աղջիկ երեխա է պարգևում ամուսնուն: Չնայած աշխատանքային զբաղվածությանը, անդադար նկարահանումներիը, ուղևորություններին՝ Թինային հաջողվում է երջանիկ ընտանիք կառուցել: 11 տարի շարունակ Թինայի ամուսինը առանց տրտնջալու օգնում է նրան թե երեխաների դաստիարակության հարցում, թե տնային գործերի և բոլոր առումներով նա դառնում է Թինայի հուսալի մեջքը: Բնականաբար, ընտանեկան սկանդալներն էլ քիչ չեն լինում: Թինայի օրվա գրաֆիկն այնքան խիստ էր դասավորված, որ նա շատ քիչ ժամանակ էր կարողանում տրամադրել ընտանիքին: Համատեղ կյանքի ընթացքում ծնվում է նաև նրանց երկրորդ փոքրիկը' Լեոնտին:
Կայուն ամուսնական վիճակը նույնպես կաղապարների մեջ չի դնում Թինային: Նա հենց ուղիղ եթերով համբուրվում է Քսենյա Սոբչակի հետ, որը մեկ տարի շարունակ ռուսական բոլոր լրատվամիջոցների խոսակցության թեման էր:
2005թ. ուկրաինական «Հեռուստաշաբաթ» ամսագիրը Թինային ճանաչում է լավագույն հաղորդավարուհի: Նույն տարվա վերջին Թինա Կանդելակին արժանանում է «Տարվա մարդ» տիտղոսին' առաջ անցնելով Անդրեյ Մալախովից: Ամենահեղինակավոր հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները Թինային հրավիրում են աշխատանքի: Նա դառնում է յուրաքանչյուր հաղորդման հաջողության գրավականը: Լրատվամիջողների ուշադրությունը պարզապես սևեռվում է նրա վրա: Թինայի ամեն քայլը դառնում է քննարկման առարկա:
Բացի հիանալի հաղորդավարուհի լինելուց, Թինա Կանդելակին ճանաչվել է նաև ամենաոճային հեռուստաաստղերից մեկը: Ընդհանրապես Թինան շատ խիստ է վերաբերվում ինքն իրեն: «Անգամ եթե ուշանում եմ աշխատանքից, հանդիպումից, միևնույն է, երբեք անճաշակ հագնված, մազերը չսանրած և ընդհանրապես ոչ խնամված տեսքով տնից դուրս չեմ գալիս»: Երեխաների ծնունդից հետո Թինան նաև խիստ դիետա է պահում' ուտելով բանջարեղեն, մրգեր, կանաչի և ձուկ: Իր հիանալի կազմվածքի շնորհիվ Կանդելակին ճանաչվել է նաև ամենագեղեցիկ հաղորդավարուհի: Իսկ Top 10 Sexy համառուսաստանյան մրցանակաբաշխության ժամանակ Թինան ճանաչվեց ամենասեքսուալ հեռուստաաստղ:
2009թ. Թինան և Անդրեյը ևս մեկ հարսանիք են կազմակերպում, այս անգամ՝ արդեն ճոխ, հարյուրավոր հյուրերի հետ: Թվում է, թե ամեն ինչ հիանալի է թե կարերայում և թե անձնական կյանքում, բայց հարսանիքից ուղիղ մեկ տարի հետո Թինան և Անդրեյը հայտարարում են ամուսնալուծության մասին: «Ես իմ ամուսնուն ասացի, որ նա այսուհետ ազատ է: «Հեռացիր իմ կյանքից»,- ասացի ես»:
Թինան ամբողջովին նվիրվեց աշխատանքին: Թինայի և Անդրեյի երկու երեխաներն էլ ապրում են Կանդելակիի մոր հետ, իսկ Անդրեյը հաճախ գալիս է նրանց տեսության:
Թինան հասցնում է նկարահանվել նաև 6 ֆիլմերում' «Даже не думай 2: Тень независимости», «Не было бы счастья...», հայտնի «Не родись красивой...» հեռուստասերիալում, «Папины дочки», «Запрещенная реальность» «Мама-Москва»:
Իսկ հեռուստահաղորդավարի աշխատանքը մնում է նրա համար առաջին տեղում: Նա վարում է 10-ից ավելի հաղորդումներ, թոք-շոուներ, քաղաքական լուրեր:
Թինա Կանդելակին համարում է, որ յուրաքանչյուր անհաջողություն նախաբան է որևէ հաղթանակի: «Ոչինչ ինձ չի հուսահատեցնում: Ես դեռ շատ բարձունքների եմ հասնելու: Ես դեռ նոր ընտանիք պետք է ստեղծեմ, նոր հաղորդումներ պետք է վարեմ»,- հարցազրույցներից մեկում ասել է Թինա Կանդելակին:
Գիտակցել սեփական երջանկությունը կարող է միայն այն մարդը, որն ուղղակի հասկանում է, թե ինչ է իրեն պետք:
Ինչպես կարող եմ ես, լինելով Կովկասից, ռուսական ավանդույթներով դաստիարակված, համարել ինձ ֆեմինիստ: «Ֆեմինիզմ» բառի հիմքում լատիներեն femini արմատն է: Այն ասում է, որ ամեն ինչի սկիզբը կինն է: Իսկ ես կարծում եմ, որ ամեն ինչի հիմքում տղամարդն է:
Միայն սերը կարող է փրկել աշխարհը, մնացած ամեն ինչը հիմար փորձեր են:
Երբեք ուշ չէ փոխել քեզ շրջապատող աշխարհը:
Հպարտանալ կարելի է քո նվաճած հաղթանակներով,այլ ոչ թե զարդերով:
Ինձ համար կարևոր է տղամարդու վերաբերմունքը իմ հանդեպ, այլ ոչ թե նրա նվերի գինը:
Եթե քեզ չի հետաքրքրում սեքսը, ուրեմն արդեն ծերանում ես: