«Իմ կոշիկները կրողները պետք է շատ համարձակ լինեն, դրանք կրում են այն մարդիկ, ովքեր ժամանակին կարմիր գծերով «սպարտիվնի» չեն հագել», այսպես է բնորոշում իր ստեղծած կոշիկները կրողներին դիզայներ Մամիկ Մալխասյանը: ArmStar.am-ը զրուցել է դիզայների հետ իր գործունեության, երիտասարդների հագուկապի և ապագա պլանների մասին:
«Ես մեծացել եմ արհեստավորի ընտանիքում, հայրս մեր երկրում ճանաչված արհեստավոր է, նա ու եղբայրս մինչ օրս էլ զբաղվում են իրենց գործով, ավտոյի սրահի «աբիվշիկ են», նշեց Մամիկը, «Հայաստանում մեքենայի սրահի տյունինգ հասկացողությունը ես եմ առաջինը զարգացրել: Ես եմ մարդկանց սովորեցրել, որ մեքենայի սրահը միայն սև չի, կարող է լինել նաև կանաչ, վարդագույն, կարմիր գույների մեջ», պատմեց դիզայները:
Մամիկը դեռ մանկուց հատուկ թուլություն է ունեցել կոշիկների նկատմամբ. «Միշտ ուզել եմ, որ ամենասիրունն իմ կոշիկները լինեն: Պապաս ինձ միշտ տանում էր այնպիսի տեղեր, որտեղ ես մարդկանց բացատրում էի, թե ինչ կոշիկ եմ ուզում հագնել: Չէի պատկերացնում որ կոշիկի գծով կգնամ, որովհետև ուզում էի ռեժիսոր դառնալ, բայց չստացվեց, խնդիրներ եղան... ես խելոք մարդ չեմ իմ կյանքով մեկ», անկեղծացավ դիզայները:
Կոշիկի գործով սկսել է զբաղվել 1994 թվականից: Ինչպես նա է ասում, կոշկակարություն չի սովորել, անգամ չի համարձակվում կոշիկ կարել: Նա միայն կոշիկն է նկարում, ձևում, որովետև կարծում է' ամեն ինչն իր արհեստավորն ունի:
Հիշում է, որ կար մի շրջան, երբ շատ վատ էր ապրում, անգամ ծխախոտի փող չուներ. «Ամբողջ Հայաստանին պարտք էի, ու եղել է այնպես որ 2000 դոլարանոց կոշիկը նվիրել եմ, որ ինձ պարտքով 1000 դոլար փող տան»: Այս ամենն արդեն անցյալում է:
Մամիկը պատվիրատուի համար կոշիկ կարելուց շատ բան է հաշվի առնում, նրա համար շատ կարևոր է տվյալ անձի բնավորությունը. «Այնքան միլիոնավոր պատվիրատուներ ունեմ, որ պատվերը վերցնելուց հետո ասում եմ' էս ինչ «քաք» կերա, որ այս մարդուց պատվեր վերցերցի: Բայց լինում են և այնպիսի մարդիկ, որոնց այնքան եմ սիրում, որ հաշվի չեմ առնում փողն ու ուզում եմ նրա համար կոշիկ կարեմ, մարդիկ էլ կան որ շատ-շատ փող են տվել, և ամիսներով սպասում են իրենց կոշիկին, հա զանգում են, բայց ես էլ մի քիչ աննորմալ եմ, մեկ-մեկ անջատում եմ հեռախոսը, ջարդում եմ քարտը, առանց մտածելու, որ միլիոնավոր մարդիկ հիմա ինձ են զանգում ու իրենց պատվերներն են ուզում»:
Բայց կա մարդկանց մի տեսակ որոնց համար երբեք կոշիկ չի կարի.< «Դե ասենք Ռաջ Կապուրի նասկիով տղեն չի կարա Մամիկի կոշիկ հագնի, կամ օրինակ սպիտակ նասկիներով տղա գա ինձ մոտ ու կոշիկ պատվիրի, ես չեմ կարի: Կամ չեմ կարի էն մարդու համար, որ երկար չարուխներով եկել ու ասումա սրանից հարմար կոշիկ չկա: Կամ երբ ասում են «Դուբայի Մոլից» եմ վերցրել կոշիկս, ես չգիտեմ, Տաշիրը ոնց դարձավ Դուբայ Մոլ», նշեց Մամիկը:
Մամիկը երբեմն իր համար էլ է կոշիկ կարում, սակայն դրանք երկար չի կրում, ամենաշատը երեք-չորս օր, կամ հիասթափվում է դրանցից կամ էլ գցում մի կողմ: «Ինձ համար անհասկանալ է, երբ մարդիկ ասում են, որ ինչ որ կոշիկ հագնում են արդեն հինգ-վեց տարի: Այդպես միայն կոշիկներին չեմ վերաբերվում, ես իմ շորերն էլ եմ այդպես կրում: Բոլորը տեսան, ասեցին ' վայ ես ինչ լավնա, ուրեմը վերջ, պրծավ ինքը, անկախ գնից, անկախ աշխանատքից»:
Մամիկի կոշիկները յուրաքանչյուրի գրպանին հարմար չեն, նա «էժան» կոշիկ չի կարում և չի հասկանում դրա իմաստը. «Էժան կոշիկ չեմ կարում, էժան կոշիկը որնա, գները շատ տարբեր են, եթե ձեզ համար կարեմ ուրիշ գին կասեմ( նկատի ունի լրագրողին), եթե ընկերոջս համար կարեմ, ոչ մի բան չեմ ուզի: Ես այս երկրում այն մարդկանցից մնացի, որ հավատում եմ, որ ընկերությունը փողի մեջ չի, չնայած եկելա գլխիս, հասկացել եմ, որ եթե փող չունես, ոչ մեկ քեզ չի ընդունում, չի սիրում, ու տեղ չի տալիս: Իմ կոշիկները միանշանակ չեն կարող հարմար լինել յուրաքանչյուրի գրպանին, չէ որ նրանք գործ ունեն «շիզոֆրենիկ» Մամիկի հետ: Օրինակ, այսօր հարյուր զանգ եմ ստացել, բոլորն էլ մերժել եմ»:
Մեզ հետ զրույցում Մամիկն առանց համեստության ասաց, որ եթե կգտվի մեկը, ով կասի թե իր կոշիկներն «անճաշակ» են, դա կնշանակի, որ նա այլևս անելիք չունի: Ինչպես ինքն է ասում' իր աշխատանքի մեջ թերություններ թույլ չի տալիս, որ նման կարծիք հայտնեն մարդիկ. «Մարդիկ գնում են, նայում են ինտերնետում, թե այս տարի որ դիզայներն ինչ է առաջարկում, իսկ ես այդպես չեմ անում, ես ստեղծում եմ իմը»:
Մամիկի անունը հաճախ կապում են Քիմ Քարդաշյանի, մի շարք պաշտոնյաների, շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Սակայն նա բոլորից առանձնացնում է հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանին. «Իրա համար շատ եմ կոշիկ կարել, շատ շատ, իրենից շատ իմ կոշիկներից ոչ ոք չի կրել ու նա կրում է ամենաթանկերը: Եթե Ֆելիքսին ասեն սա Մամիկն է ասել որ հագնես, նա հաստատ կհագնի: Ես այդքան վստահություն ունեմ նրա մոտ»:
Նրա հետ խոսեցինք նաև տղաների և աղջիկներ հագնվելու կուլտուրայից: Նրա համար կա աղջիկների երկու տեսակ' առաջինը, երբ հագնվում են անհասկանալի ու տարօրինակ, իսկ մյուս տեսակի «տիրոջն» ուղակի երանի ես տալիս: «Ես սովորեցրեցի տղաներին, որ առաջինը եթե մենք նայում ենք աղջիկների ոտքերին կամ «հետևին», ապա աղջիկների 90 տոկոսը նայում է տղայի կոշիկներին: Իսկ իմ կոշիկների հանդեպ ոչ մի աղջիկ անուշադիր չի լինի: Իսկ եթե անգամ չխոսի էլ, աչքի պոչով կնայի ու կասի լավն էր կոշիկները», անհամեստորեն նշեց Մամիկը:
Մամիկը զրույցի ընթցքում չմոռացավ նաև հայ դիզայներնեին, որոնց խորհուրդ տվեց մի քիչ մարդկային լինել, ժպտալ. «Այնպիսի դեմքով են քայլում կամ մարդկանց մեջ կանգնում, որ տպավորություն թողեն' «գիտեք ես ով եմ»: Դուք ոչ Կավալի եք, ոչ Դոնաթելա Վերսաչի, հիշեք ով եք: Ես ծնված օրվանից մեծացել եմ այնպիսի շրջապատում, որտեղ լիարժեք լինում է հայ տղան, ես երբեք «սառոչկիս վրայից բանտիկ» չեմ կապելու, դուքով չեմ խոսելու, ես որ սիգար էի ծխում, շատ քչերը գիտեին դա ինչա: Ես Մամիկն եմ, ես ոչ փոխվում եմ, ոչ կփոխվեմ, ոչ էլ մտադիր եմ, Հայաստանը շատա ինձ նեղացրել, ես ստեղ շատ նեղություն եմ տանում, բայց ոչինչ, Աստված մեծա, ես սիրում եմ Հայաստանը ու երբեք չեմ ուզի գնալ, միակ երկիրը, որ կգամ Ամերիկանա, սակայն այդ երկրի դեսպանատունն ինձ մերժել է արդեն տասնհինգ անգամ»:
Զրույցի վերջում է դիզայները նշեց , որ շուտով Ամերիկայում կբացվի կոշիկի խանութ, այն կկոչվի «Հետք», որտեղ կլինեն իր հեղինակած կոշիկները, և որոնք կվաճառվեն միայն այնտեղ:
Զրուցեց' Սիրանուշ Գրիգորյանը