Իլոն Մասկը և Twitter-ի գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն ներկայացրել են սոցցանցի լոգոտիպը, որը փոխարինում է հայտնի «կապույտ թռչնի խորհրդանիշին»։ Այն սև ֆոնի վրա սպիտակ X կլինի, գրում է Reuters-ը։
«X-ն այստեղ է: Եկեք դա անենք»,- Թվիթերում գրել է Յակարինոն:
Ե՛վ Յակարինոն, և՛ Մասկն արդեն տեղադրել են X լոգոն իրենց պրոֆիլներում, թեև Twitter-ի «կապույտ թռչունը» դեռևս առկա է հարթակում:
Մասկն ավելի վաղ կիրակի օրը կատարած իր գրառման մեջ ասել էր, որ ցանկանում է փոխել Twitter-ի լոգոն և խնդրել է իր միլիոնավոր հետևորդներին, որ նրանք նույնպես փոխեն այն։
«Մենք շուտով հրաժեշտ կտանք Twitter «կապույտ թռչունին»,-գրել էր Մասկը։