Գարունը ոչ միայն խենթությունների շրջան է, նոր կյանքի սկիզբ է, այլ նաև շատերի համար սարսափով սպասվող ժամանակ: Գարնան հետ շատ հիվանդություններ են սրվում, այդ թվում նաև' կլիմաքսը: LN-ի ընթերցող լեդիներից մի քանիսը մեզ արդեն դիմել են այդ անհանգստությամբ:
Խնդրի մասին LN-ը զրուցեց Երեւանի թիվ 18 պոլիկլինիկայի գինեկոլոգ Մարինա Ֆրանգյանի հետ:
Կլիմակտերիկ սինդրոմը կամ, այլ կերպ ասած, կլիմաքսը կանանց ձվարանների ֆունկցիայի ընկճում է: Այն սովորաբար հանդիպում է 46-50 տարեկան կանանց մոտ և կարող է շարունակվել մինչև 55-60 տ.: Երբեմն նկատվում է 38-45 տ. հասակում, որը կոչվում է վաղ կլիմաքս, և հաճախ ընթանում է բարդություններով:
Առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս 45-50 տարեկանում. ունի ալիքաձև ընթացք' սրացումներով և հանգստի շրջաններով, սեզոնային բնույթ, ավելի արտահայտված է փետրվար-մարտ եւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ըստ բժշկուհու, կանայք հաճախ նշում են հետևյալ ախտանիշները' ջերմահորդանքի (ջերմության զգացում դեմքի, պարանոցի, կրծքավանդակի շրջանում) զգացում, նյարդային վիճակ, գրգռվածություն, գլխացավեր, քրտնածություն, անքնություն, ականջներում աղմուկի զգացում, գլխապտույտներ, դեպրեսիա, հնարավոր է նաև արտաքին սեռական օրգանների շրջանում քորը, քաշի ավելացում:
Ինչպես նշեց Մարինա Ֆրանգյանը, հաճախ կլիմաքսի շրջանում սրվում են խրոնիկ կամ գաղտնի ընթացող շատ հիվանդություններ: Օրինակ՝ հաճախ այն ուղեկցվում է զարկերակային ճնշման, աթերոսկլերոզի, նյութափոխանակության խանգարումներով:
Բժշկուհու խորհրդով՝ եթե կլիմաքսի շրջանում հաճախակի լավ չեք զգում, այն ունի միջին ծանրության կամ ծանր ընթացք, ապա պետք չէ աչք փակել կամ «դիմադրել», անպայման պետք է դիմել մասնագետին: «Արդի բժշկությանը հայտնի են շատ միջոցներ, որոնք օգնում են թեթևացնել կլիմաքսի ընթացքը և բարելավել կնոջ ինքնազգացողությունն ու կյանքի որակը»,- հավատացրեց Մարինա Ֆրանգյանը: