Ամերիկաբնակ երգիչ Հովհաննես Շահբազյանը հայկական շոու բիզնեսում կփոխեր գրեթե ամեն ինչ։ Ցանկություն ունի, բնակվել Հայաստանում, բայց դեռ չգիտի այդպես կլինի, թե ոչ։ Slaq.am–ը ներկայացնում է ամերիկաբնակ երգչի հետ ունեցած հարցազրույցը:
-Հայտնի է, որ ունեք նոր տեսահոլովակ: Պատմե՛ք մի փոքր դրա մասին: Ի՞նչ երգի հիման վրա է նկարահանված, որտե՞ղ և ովքե՞ր են աջակցել:
-Երգերը ընտրվում են այսօրվա չափանիշներին համապատասխան: Այս անգամ ընտրել եմ «Էլի-Էլի» երգը, որի հիման վրա էլ նկարահանեցինք տեսահոլովակ: Տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում ու նկարահանման աշխատանքները իրականցվել է այստեղի բարձրահարկ շենքերից մեկի տանիքում,աջակցել են բավականին հայտնի և տաղանդավոր մարդիկ,ասեմ նաև, որ առանց նրանց աջակցության չէր կարող նկարահանվել այդ տեսահոլովակը տվյալ վայրում:
-Արդյո՞ք արդեն եթեր հեռարձակվել է:
-Իմ նոր' «Էլի-էլի» երգի տեսահոլովակը Լոս Անջելեսում հեռարձակվել է բոլոր հեռուստակայաններով, իսկ Հայաստանում ոչ բոլոր, քանի որ այդտեղ կան որոշ հեռուստաալիքներ, որոնք եթեր են հեռարձակում միայն տեղական երգիչների տեսահոլովակները:
-Ի՞նչ նոր ծրագրեր և նախագծեր ունեք:
-Պատրաստվում եմ մենահամերգի այստեղ' Ամերիկայում, որը տեղի կունենա Լոս Անջելեսի հայտնի սրահներից մեկում: Այն կլինի մեծ անակնկալ իմ հանդիսատեսի համար: Ասեմ նաև, որ արդեն զբաղված եմ իմ նոր երգերի, ինչպես նաև ձայնասկավառակի ստեղծման աշխատանքներով:
-Մոտ ապագայում նախատեսվու՞մ են համերգներ, հյուրախաղեր (եթե այո, ապա որտեղ և երբ):
-Այո սպասվում են անգամ մի քանի համերգներ, որոնք տեղի կունենան ԱՄՆ-ի տարբեր նահանգներում:
-Քանի՞ տարի եք բնակվում ԱՄՆ-ում, ինչո՞վ եք զբաղվել այդ ընթացքում:
-ԱՄՆ-ում բնակվում եմ արդեն 15 տարի, զբաղվել եմ իմ ստեղծագործական գործունեությամբ: Մինչ օրս ունեցել եմ բազմաթիվ մենահամերգներ:
-Ձեր անցած ճանապարհի մասին մի փոքր պատմեք:
-Ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան,այնուհետև տեղափոխվել եմ ԱՄՆ և իմ երաժշտական կյանքը ձևավորել եմ Ամերիկայում: Ունեմ բազմաթիվ տեսահոլովակներ ու ձայնասկավառակներ:
-Շոու-բիզնեսի ներկայացուցչի համար ի՞նչ կա ԱՄՆ-ում, որը չկա Հայաստանում:
-Այստեղ ԱՄՆ-ում ինֆորմացիան ավելի շատ է, քան Հայաստանում:
-Հետևո՞ւմ եք հայաստանյան շոու-բիզնեսի զարգացումներին, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:
-Իհարկե հետևում եմ, բայց չեմ կարողանում կողմնորոշվել արդյոք դա շոու բիզնես է, թե ոչ:
-Ի՞նչը կփոխեիք հայաստանյան շոու-բիզնեսում, մասնավորապես, ամերիկյան շոու-բիզնեսից ի՞նչ ունենք սովորելու, որտե՞ղ է բացը:
-Կփոխեի ամեն ինչ մեր հայաստանյան շոու-բիզնեսում, իսկ սովորելու առումով էլ շատ բան ունենք:
-Արդյո՞ք նախատեսում եք այց Հայաստան (եթե այո, ապա երբ և ինչ նպատակով):
-Այո, անպայման: Մոտ ապագայում ծրագրում եմ մեկնել Հայաստան համերգային նպատակներով:
-Մի օր կորոշե՞ք վերջնականապես հաստատվել Հայաստանում:
-Ցանկությունը շատ մեծ է, բայց ով գիտի:
-Ի՞նչ է պակասում մեր երկրում, ի՞նչ կուզենայիք տեսնել կամ փոխել:
-Լավատես եմ և կուզեի տեսնել բարեկեցիկ կյանք:
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին, որտե՞ղ եք ծանոթացել Ձեր կնոջ հետ։
-Կնոջս՝ Հեղինեի հետ ծանոթացել եմ Գյումրիում: Ունենք դեռևս մեկ բալիկ' Անահիտը, իսկ երկրորդին սպասում ենք, որ լույս աշխարհ գա: Կինս այս պահին հիվանդանոցում է: Ասեմ, որ գիտենք երեխայի սեռը' տղա և նրան պետք է անվանակոչենք հայրիկիս պատվին' Յուրա:
-Ընտանեկան երջանկության Ձեր բանաձևը։
-Սեր և միայն սեր:
-Ի՞նչ կմաղթեք հայ ազգին ու մասնավորապես Ձեր լսարանին։
Մեր հայ ազգին ու իմ լսարանին մաղթում եմ ամենայն բարիք, սեր ու երջաջանկություն: