Երգչուհի Շակիրան Twitter-ում երկրպագուներին բացատրել է, թե ինչու է որոշել իր երեխաների հետ Բարսելոնայից Մայամի տեղափոխվել։
Աստղի խոսքով՝ Ժերար Պիկեի հետ ամուսնալուծության մասին հայտարարությունից հետո ինքը և իր որդիները ենթարկվել են լրագրողների հետապնդումներին։ Շակիրան դժգոհել է ԶԼՄ-ների ուշադրությունից։ «Իմ երեխաները՝ Միլանն ու Սաշան, շատ դժվար տարի են անցկացրել՝ տառապելով պապարացիների և Բարսելոնայի մի շարք լրատվամիջոցների անընդհատ ոտնձգություններից և հետապնդումներից», - կիսվել է արտիստը:
Շակիրան ամերիկյան լրատվամիջոցներին հորդորել է չսպասել իր երեխաներին դպրոցի մոտ և թաքուն չլուսանկարել տղաներին։ «Ես լրատվամիջոցներին խնդրում եմ իմ երեխաների անունից հարգել նրանց անձեռնմխելիության իրավունքը: Խնդրում եմ ձեռնպահ մնալ նրանց դպրոց գնալ-գալիս մեր տան դռան մոտ սպասելուց կամ արտադասարանական և ժամանցի ժամանակ հետապնդումներից»,- գրել է երգչուհին սոցիալական ցանցերում։
Շակիրայի խոսքով՝ այս կոչը նա գրել է ոչ թե որպես երգչուհի, այլ որպես երկու երեխաների սիրող մայր։
Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվել են 2022 թվականի հունիսին՝ 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ ֆուտբոլիստի դավաճանության պատճառով։ Հայտնիները երկու որդի ունեն՝ 10-ամյա Միլանն ու 8-ամյա Սաշան։