Մոսկվայի Կրեմլի դահլիճում մայիսի 18-ին կկայանա «Տաշիր 2013» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։

Աշխարհի ամենավառ երաժիշտները կհավաքվեն մեկ հարկի տակ՝ ռուսական մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնելու յուրահատուկ շոու, որն իր մեջ ներառում է դասական և ժամանակակից երաժշտական արվեստը։

Սկսած 2006թ.-ից մրցանակաբաշխությունը մեծ հաջողությունների է հասել մոսկովյան հանրության շրջանում և ունեցել է ավելի քան 40.000 հանդիսատես ու ավելի քան 5 մլն հեռուստադիտող։

«Տաշիր» մրցանակաբաշխության գլխավոր անակնկալը կլինի աշխարհահռչակ լատինամերիկացի երգիչ Էնրիկե Իգլեսիասի ներկայությունը։

Մայիսի 18-ին Կրեմլի դահլիճում կհնչի նաև դուետ՝ «Notre Dame de Paris» մյուզիքլից։ Այն կկատարեն Պատրիկ Ֆյորին և Էլեն Սեգարան, ովքեր հայկական արմատներ ունեն։

Հատուկ մրցանակաբաշխության համար կոմպոզիտոր Թոլիբխոն Շախիդին կներկայացնի իր նոր ստեղծագործությունը, որը նվիրված է հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։

Ստեղծագործությունը կհնչի դաշնակահար Վազգեն Վարդանյանի և Ռուսական պետական կինեմատոգրաֆիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, որի ղեկավարը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Սկրիպկան է։

Մրցանակաբաշխության հաղորդավարներն են լինելու «Միսս Ռուսաստան 2003» մրցանակակիր, հեռուստահաղորդավարուհի, մոդել Վիկտորյա Լոպիրևան, հումորիստ, Comedy Club-ի գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանը, շոումեն Անդրեյ Մալախովը, հայտնի հեռուստահաղորդավարուհի Տատյանա Գևորգյանը։

«Տաշիր 2013»-ը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում և հասանելի է լինելու Հայաստանի բոլոր բնակիչներին։

Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ են շնորհվելու հետևյալ անվանակարգերում. «Լավագույն դուետ», «Լավագույն երգիչ», «Լավագույն երգչուհի», «Տարվա հայտնություն», «Հայաստանի բարեկամ»։

Գլխավոր անվանակարգերում ներկայացված են լինելու հայկական էստրադայի ամենահայտնի դեմքերը, իսկ հաղթողին որոշելու են հեռուստադիտողները՝ քվեարկության միջոցով։

«Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում առաջադրվել է Լիլիթ Հովհաննիսյանը։ «Too Too Too» երգի հիման վրա նկարահանված նրա տեսահոլովակը մեկ միլիոն դիտում է հավաքել ընդամենը 58 օրում։ Լիլիթը Հայաստանի լավագույն երգչուհի է ճանաչվել 2012թ.-ին՝ տարբեր հեռուստաընկերությունների և պարբերականների կողմից։

Նույն անվանակարգում առաջադրված է նաև Քրիստինե Պեպելյանը։ Նա Հայաստանի ամենահայտնի փոփ երգչուհիներից է և ազգային մրցանակաբաշխություններում մրցանակների է արժանացել 2004-2005 թվականներին։

«Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում առաջադրված է նաև Սիրուշոն։ Հանրահայտ երգչուհին, ով «Եվրատեսիլ 2008» երգի մրցույթում զբաղեցրել է 4-րդ տեղը՝«Qele, Qele» երգով, 2012թ.-ի վերջին նկարահանել է «PreGomesh» երգի տեսահոլովակը, որը հիթ է դարձել Հայաստանում։
«Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում ներկայացվել է Ռազմիկ Ամյանը։ Նա նման տիտղոսի էր արժանացել նաև 2011թ.-ին։

Անվանակարգում նրա մրցակիցն է Մարտին Մկրտչյանը, ով 2011թ.-ին արժանացել էր «Տաշիր» մրցականաբաշխության «Տարվա հայտնություն» մրցանակին։

Նրանց վերջին մրցակիցն Արման Հովհաննիսյանն է, ով իր կարիերայի ընթացքում բազմաթիվ կատարումներով և տեսահոլովակներով է հանդես եկել։

«Տաշիր 2013» մրցանակաբաշխության ընթացքում տարբեր անվանակարգերում ներկայացվածներից բացի, ելույթ կունենան նաև ռուսական էստրադայի աստղերը. շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան, Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Սոֆիա Ռոտարուն, Կրիստինա Օրբակայտեն։

Մայիսի 18-ին Կրեմլի դահլիճի բեմ կբարձրանան Grammy միջազգային մրցանակաբաշխության մրցանակակակիր Արտո Թունջբոյաջյանը և ավանգարդ ֆոլկ-ջազային Armenian Navy Band խումբը, համերգի ընթացքում կհնչի համաշխարհային լեգենդ Ջիվան Գասպարյանի դուդուկը։

«Տաշիր 2013» մրցանակաբաշխությանը կմասնակցեն հայկական էստրադայի հայտնի դեմքերը՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը, երգիչ Արմենչիկը, Ինգա-Անուշ Արշակյանները։

Մրցանակաբաշխությունն իր կախարդական մեղեդիներով կզարդարի դուդուկահար Կամո Սեյրանյանը։