Հայտնի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հետ զրուցելն այնքան բովանդակալից է, որ չես զգում՝ ինչպես է թռչում ժամանակը... Թեյի բաժակի շուրջ անկեղծ զրույց, որ բացահայտում է Լուսինեին ոչ միայն որպես հայտնի մարդու, այլև որպես մոր, ուժեղ կնոջ ու այս երկրի մտահոգ քաղաքացու...
Զրուցեց Գայանե Գալստյանը
• Փոքր տարիքից սովոր եմ եղել խիտ գրաֆիկի. ծնողներս աշխատում էին ու եղբայրներիս մասին հոգ տանելն ինձ վրա էր' դպրոցում շատ լավ սովորելու, ոչ մի խմբակից հետ չմնալու ու նաև բակում շատ հաճախ խաղալու հետ միասին: Մայրս սովորեցրել է' կամ անում ես ամեն ինչ շատ լավ կամ չես անում, ոչինչ չպիտի կիսատ լինի: Եթե ինչ-որ բան էլ չեմ հասցնում, դրա պատճառն ալարկոտությունն է, ոչ թե ժամանակի սղությունը:
• Աշխատել եմ միջին դպրոցական տարիքից' որպես Ձյունանուշ, նաև պատրաստում էի ձեռագործ աշխատանքներ, որոնք հաճախ վաճառվում էին: Անցել եմ տարբեր ճանապարհներով, նույնիսկ աշխատել եմ ԺԵԿ-ում' որպես հաշվապահի օգնական...
• Թեև 14 տարի է, ինչ աշխատում եմ հաղորդավարության ոլորտում, բայց շատ հաճախ զգում եմ, որ ես կարող էի դառնալ շատ լավ բժիշկ, գիտնական... գուցե ինձնից օգուտն այդ ժամանակ ավելի մեծ լիներ (ժպտում է):
• Միշտ մտածում էի, որ կինը ուժեղ դառնում է, ոչ թե ծնվում, բայց մեկ է' ժամանակն ապացուցում է, որ պոտենցիալ, այնուամենայնիվ, պետք է լինի: Դա պետք է ուղղակի զարգացնել կամ էլ... հաճախ մարդիկ կոտրվում են ճանապարհի կեսին ու կորցնում իրենց ուժը:
• Եթե ուզում ես ընտանիքդ կայանա, ապա առաջին հերթին պետք է նվիրված լինես: Այդ դեպքում վաղ թե ուշ կհաղթահարես բոլոր խնդիրները: Նաև ընտանիքը ինչ-որ առումով համագործակցություն է. չպետք է սահմանափակել միմյանց ազատությունը, ճնշում գործադրել, այլ թողնել դիմացինի համար ազատ տարածք:
• Մարդիկ, ովքեր ամուսնական կյանքում ապրում են ընդհանուր կանոններով, ուղղակի ինքնախաբեությամբ են զբաղվում: Ամեն մեկն ինքն է ստեղծում իր անհատական կանոնները' ելնելով դիմացինի առանձնահատկություններից:
• Սովորաբար խնդիրներ մենք ինքներս ենք ստեղծում, հետո սկսում ենք ջանալ, որ փոխենք աշխարհը, մարդկանց, նրանց վերաբերմունքը, բայց հենց սկսում ենք ինքներս փոխվել, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Խնդիրների դեպքում պարզապես փոխում եմ վերաբերմունքս, ու դրանք դադարում են խնդիր լինել: Հասկանում ես, որ այնքան լավ բան կա քո կյանքում, որոնք բավական են երջանիկ լինելու համար... Իսկ երբ ֆիքսվում ես խնդրի վրա, այն կլանում ու քայքայում է քեզ...
• Եթե մարդը թանկ է քեզ համար, նշանակում է սեր կա, նույնիսկ եթե այդ պահին ատում ես նրան: Սերը պահպանելու համար պետք է ընդամենը մի բան անել' իրարով ապրել...
• Երեխայի ծնունդից հետո վերաարժևորում ես ամեն ինչ' սկսած սեղանից մինչև ծառի տերևները: Իմ երեխաների ծննդից հետո ես դարձա ավելի վախկոտ, ավելի էմոցիոնալ. նրանցից առաջ ես չգիտեի, որ լացել գիտեմ, իսկ հիմա ամենաչնչին էմոցիա պարունակող ֆիլմը կարող է արցունքներ բերել: Պարզապես բոլոր մարդկանց սկսում ես որպես մայր նայել...
• Ուզում եմ, որ զավակներս մեծանան որպես լավատես և կամքի մեծ ուժ ունեցող մարդիկ...
• Ինձ կոտրելը և´ հեշտ է, և´ դժվար. հեշտ, որովհետև շատ արագ կարող եմ կոտրվել և դժվար, քանի որ արագ էլ վերականգնվում եմ: Նույնիսկ ամենատհաճ, ամենացավոտ իրավիճակում դաս եմ քաղում. հասկանում եմ, որ եթե դա ինձ հետ եղավ, ուրեմն ես դրան արժանի եմ: Մենք ամեն ինչի համար պատասխան ենք տալիս վաղ թե ուշ. չեմ ընդունում «Որ մեղքիս համար» արտահայտությունը, ուրիշ բան, որ մենք չենք էլ գիտակցում, թե ինչով ենք դրան արժանացել...
• Եթե դու ձգտում ես ինքնակատարելագործվել, ապա յուրաքանչյուր խնդրից հետո դասեր քաղելով դու մի քայլ բարձրանում ես: Եթե չբարձրացար, խնդիրը նորից է գալու, այնքան ժամանակ, մինչև հասկանաս'ինչ էր ուզում կյանքը քեզ սովորեցնել:
• Եթե մարդը հայտնվել է քո կյանքում, ուրեմն նա որոշակի առաքելություն ունի. նույնիսկ եթե քեզ կոտրելու է կամ մեծ վնաս է տալու...դա էլ է պետք:
• Գործնական հարաբերություններն ու ընկերությունը չի կարելի խառնել իրար. երբ նույնիսկ մտերիմ ընկերոջդ հետ շահ հետապնդող գործ ես սկսում, ապա ձեր թանկ ընկերությունը կանգնեցնում ես վտանգի առաջ:
• Ծայրաստիճան չեմ սիրում, երբ բարեգործություն են անում ու խոսում դրա մասին: Երբ դու բարձրաձայնում ես, դա արդեն ինքնագովազդ է: Նույնիսկ եթե դիտմամբ չես խոսում, ու քո արած բարեգործությունն արժեզրկվում է կյանքի աչքում:
• Ես երազում եմ, որ բարեգործություն անելու համար մարդիկ պատճառ չունենան: Մենք ունենք անկախ պետություն, բայց մեկ է՝ բարեգործություն անելու կարիք միշտ էլ կա: Պետք է հասնել նրան, որ երբ մարդ ծնվում է, իմանա, որ իր մասին հոգ է տանելու պետությունը, առողջապահական համակարգը, որ ինքը չի մնալու այն մարդկանց հույսին, ովքեր իրենց ներսում մարդ են մնացել, բայց հնարավորություն էլ չունեն օգնել իրենց...