Վերջերս Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքում փոխեց իր ստատուսը' նշելով, որ «հարաբերությունների մեջ է»: Պարզաբանման համար զրուցեցինք Սոնայի հետ: «Ես շնորհակալ եմ, որ առանց զգուշացնելու չեք գրել այս փոփոխության մասին, որովհետև շատ լրատվամիջոցներ հենց այդպես էլ անում են, օրինակ բերեմ այն նկարի պատմությունը, որն իմ էջից վերցրել էին ու հրապարակել, թե ընկեր ունեմ: Կարող է ես չեմ ուզում դրա մասին հայտարարել»:

Սոնան իհարկե կոնկրետ ու որոշակի պատասխանից մի փոքր շեղվում էր, բայց ArmStar.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք կարգավիճակի փոփոխությունը նշանակում է, որ Սոնան ընկեր ունի, երգչուհին պատասխանեց. «Այո’, ես ընկեր ունեմ, բայց առայժմ այլ պլաններ չկան: Երբ որ պատրաստվեմ նշանվել կամ ամուսնանալ, դուք դրա մասին կիմանաք»: Երգչուհին մեզ հետ զրույցի ընթացքում պարզաբանեց նաև, որ տարբերում է սիրահարվել և սիրել բառերը: «Ես կարծում եմ, որ սիրահարվելն ու սիրելը տարբեր բաներ են: Ես սիրում եմ ու սիրված եմ»:

Երգչուհին պատմեց նաև իր ծրագրերի մասին: Այժմ Սոնան նոր տեսահոլովակ է նկարահանում իր «Հարսի շոր» երգի հիման վրա, որն արդեն մի քանի տարի է, ինչ կատարում է: «Այս շատ սպասված տեսահոլովակը հիմա եմ նկարահանում, քանի որ «Նոր ալիք» մրցույթից հետո իրենց խոստացած նվերն ուշացավ»: Երգչուհին խորին շնորհակալություն հայտնեց նաև Armenia tv հեռուստաընկերությանը' նկարահանման հարցում իրեն աջակցելու համար: «Տեսահոլովակում ներկայացված է հայկական ավանդական հարսանիքի ծիսակարգը, ամբողջությամբ տեսահոլովակը կառուցված է ավանդույթների վրա, շատ գեղեցիկ գործ է լինելու»,-փաստեց երգչուհին: Սոնան նշեց նաև, որ տեսահոլովակում հանդես չի եկել որպես հերոսուհի: «Ես ուղղակի երգում եմ, որպես հերոսուհի հանդես գալ չեմ սիրում»: Նշենք նաև, որ տեսահոլովակի պրեմիերան շատ չի ուշանա. «Երևի արդեն ապրիլի վերջին կլինի եթերում»: