Ածխաջրեր պարունակող մթերքները հաճախ համարվում են միանշանակ վնասակար եւ նիհարելուն խանգարող։ Սակայն սննդաբան Տրիստա Բեսթը (ԱՄՆ) կարծում է, որ վարսակի շիլան եւ փաթիլները ոչ միայն շատ սննդարար նյութեր են պարունակում, այլեւ կարող են նպաստել նիհարելուն:
Eat This, Not That !-ը գրում է, որ վարսակը, ըստ մասնագետի, դրական է ազդում գրեթե ողջ օրգանիզմի վրա՝ մարսողական համակարգից մինչեւ սրտանոթային համակարգ։
«Վարսակը ածխաջրածնային մթերք է, որը լի է բջջանյութով, B խմբի վիտամիններով, մագնեզիումով եւ ցինկով: Բացի այդ, վարսակի մեջ քիչ քանակությամբ ճարպերի դեպքում նույնիսկ մի քիչ սպիտակուց է պարունակվում: Այս ամենը այն շատ օգտակար է դարձնում առողջության համար»,- ասել է Բեսթը:
Վարսակի շիլայի մեջ պարունակվող բջջանյութն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ պահպանում է աղիներում օգտակար բակտերիաների հավասարակշռությունը: Բեսթը վկայակոչել է մի հետազոտության տվյալներ, որոնց համաձայն՝ վեց շաբաթվա ընթացքում վարսակի փաթիլների ամենօրյա օգտագործումը փորձարկվողների մոտ զգալիորեն նվազեցրել է սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Սննդաբանի կարծիքով՝ վարսակը կարող է մեծ օգնություն լինել նիհարել ցանկացողների համար։
«Այն ոչ միայն կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, այլեւ երկար ժամանակ հագեցածության զգացում է հաղորդում, ինչը շատ կարեւոր է նիհարելու համար»,- ասել է Բեսթը։
Սակայն պետք է հաշվի առնել, որ վարսակի եւ վարսակի փաթիլների որոշ տեսակների շաքար, արհեստական գույներ եւ բույրեր են ավելացնում։ Խորհուրդ է տրվում խուսափել նման մթերքներից։ Մասնագետը խորհուրդ է տալիս գնել մաքուր վարսակի փաթիլներ եւ դրան ինքնուրույն ընկուզեղեն, մրգեր եւ բնական քաղցրացուցիչներ ավելացնել։
med.news.am