Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով սիրո, դավաճանության, բաժանության, ընտանիքներում առկա խնդիրների, կանանց մասին։
«Դավաճանություն, բաժանում։ Թեմա, որի վերաբերյան շատ եք խնդրել գրառում անել, բայց։
Սա ինձ համար շատ նուրբ թեմա է, չկա միանշանակ պատասխան, Հայաստանում կնոջ համար բաժանությունը դատավճիռ է, վերջ, նա այլևս չի կարող լինել երջանիկ, իրավունք չունի երկրորդ անգամ ամուսնանալու, չեն ընդունում իր իսկ ծնողները և սկսում են պիտակավորել շրջապատում։ Արդյունքում մենք տեսնում ենք կանանց, ում աչքերում խորը ցավ կա, քանի որ նա լռել է, իմացել, դիմացել, արտասվել է, բայց չի բաժանվել, հանուն…երեխաների, ծնողների և ամենակարևորը հանուն հասարակության կարծիքի։ Տխուր է, բայց փաստ է, սակայն ձեզ ասեմ մեկ այլ վիճակագրություն, ամեն երկրորդ ընտանիքում, որտեղ ծնվում է խնդրով երեխա, հայրը լքում է, կնոջը միայնակ թողներով երեխայի հետ։ Ասացե՛ք ինձ, ո՞րտեղ է արդարությունը, ո՞ւմ համար ենք մենք ապրում։
Ի ուրախություն ինձ, այսօր ես տեսնում եմ ուրիշ նորմեր, ուրիշ հասարակություն և ուրիշ արժեքներ, կանայք ավելի ուժեղ են, վճռական և սկզբունքային։
Ոչ ոչ, սխալ չհասկանաք, ես բացարձակ կոչ չեմ անում բաժանվել ամեն ծագած վեճի պատճառով, կրկնում եմ, յուրաքանչյուր ուրախ լուսանկարի հետևում կան շատ վեճեր, արցունքներ, դժվարություններ և անցած ճանապարհ։ Ընտանիք պահելը շատ դժվար, սակայն երկկողմանի աշխատանք է։ Եթե կա դավաճանություն, ուրեմն չկա սեր, եթե չկա սեր, չկա վստահություն, առանց վստահության չկա ներքին խաղաղություն…», - գրել է երիտասարդ մայրիկը։