Ավստրալիայի Քվինսլենդ նահանգից դեռահասը ողջ է մնացել կայծակի հարվածից՝ շնորհիվ իր կոշիկների ներբանների, որոնք փրկել են նրա կյանքը` կլանելով հոսանքի մեծ մասը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
14-ամյա Թալին Ռոուզը ամպրոպի ժամանակ քայլում էր դեպի դպրոց. կայծակը հարվածել է մոտակայքում գտնվող մետաղական սյունին և անցել դեռահասի մարմնի միջով։ Հզոր էլեկտրահարման հետեւանքով ավստրալացին տապալվել է գետնին։
Հարվածը տեղի է ունեցել այդ պահին մեքենայում նստած տղամարդու աչքի առաջ։ Ականատեսը դուրս է վազել օգնության և երիտասարդին տարել դպրոցի շենք։ Տղայի մայրը՝ Միշել Նիմմոն, պատմել է, որ որդուն հրաժեշտ տալուց մի քանի րոպե անց իրեն զանգահարել են դպրոցից, և ասել են, որ անձնակազմը դիմել է փրկարար ծառայություն և շտապ օգնություն կանչել նրա որդու համար։
Երբ նա հասավ դպրոց, Ռոուզն սկսեց աստիճանաբար վերականգնվել կատարվածից։ Նրան հոսպիտալացրել էին՝ ստուգելու, թե ինչպես են աշխատում նրա կենսական օրգանները։
Բժիշկները Նիմմոյին ասել են, որ նրա որդու բախտը բերել է, որ ողջ է մնացել կայծակի հարվածից։ Նրանք ընդգծել են, որ նման դեպք չեն տեսել իրենց ողջ կարիերայի ընթացքում։ Դեռահասի կյանքը փրկել են նրա կոշիկների հաստ ներբանները, որոնք կլանել են հոսանքի մեծ մասը։
Ավելի ուշ երիտասարդը մորն ասել է, որ հզոր էլեկտրական լիցքաթափումից հետո մի ամբողջ րոպե գրեթե ոչինչ չի լսել ու չի զգացել։ Կայծակի հարվածից հետո երիտասարդի ոտքերին ու ուսերին ժամանակավոր հետքեր են մնացել, սակայն նրա առողջությունը լիովին վերականգնվել է։
Կայծակի հարվածի էլեկտրական ներուժը կարող է հասնել մինչև 500 միլիոն վոլտ: Ավստրալիայում կայծակի հարվածի հավանականությունը 1,6 միլիոնից մեկն է: Կայծակն ամեն տարի մոտ տասը մարդ է սպանում. ողջ է մնացել մոտ 100 մարդ։