Դերասանուհի Գայանե Ասլամազյանը գրառում է կատարել՝ նշելով, որ մայր լինելը երկրային բերկրանք է, որից «հազարավոր կանայք եւ աղջիկներ զրկվեցին Օսմանյան կայսրության նախաձեռնած գործողությունների պատճառով, իսկ հիմա՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության հետեւողական գործողությունների հետևանքով»: Դերասանուհին նշել է՝ մայրության եւ գեղեցկության հիասքանչ տոնը այս տարի վերածվել է, համենայնդեպս իր համար, մղձավանջի:
«Այսօր մոտավորապես 10 000 հայ մայր չի լսի իր զավակի շնորհավորական խոսքերը, որովհետև նրանց զավակները զոհ են դարձել սեփական երկրի դավաճանության, անհետ կորած են կամ գերության մեջ են, կամ էլ այնպիսի հետպատերազմական առողջական խնդիրներ ունեն, որ չեն կարող արտաբերել. «Մամ ջան, տոնդ շնորհավոր». այդքան պարզ, բայց բոլոր մայրերի համար կարևոր բառերը,- նշել է նա՝ շարունակելով․- Մենք խնդիր ունենք մեր սեփական հողի վրա, մեր Հայրենիքում՝ մեր Հայաստանում խոսել պատմական դատաստանի մասին, որովհետև մեր երկրի ղեկավարները փաստացի ստիպում են մեզ բարեկամ համարել մեր ոխերիմ թշնամուն և կառուցողական լինել՝ հավաստիացնելով, որ ոչինչ չի խանգարում լինել բարեկամ 1500000 հայ դաժանաբար կոտորած ազգի հետ:
Դերասանուհին վստահեցրել է՝ չի շրջելու պատմության այս էջերը: «Ես չեմ մոռանալու հայ ազգի թշնամիներին՝ ոչ Արևմտյան Հայաստանում կոտորված հայերի դահիճներին, ոչ 44 օրյա պատերազմի մեղավորներին: Հայ կինը պետք է ապրի կայուն և զարգացող երկրում, պետք է լույս աշխարհ բերի հայ զավակների, հերոսներ, գիտնականներ ու արվեստագետներ դաստիարակի, իրենց երկիրը սիրող ու փայփայող, պատմությունը իմացող և անդավաճան հայերի: Կեցցեն հայ կանայք...Դուք տարբեր եք՝ ուժեղ ու նվիրվող: Կներեք, եթե այսօր ձեր զավակից չեք լսի շնորհավորական խոսքեր, փոխարենը (թույլ կտամ ինձ այս անգամ ազգի անունից գրել) ողջ ազգը ծնկի է իջնում ձեր առջև և ներողություն խնդրելու հետ մեկտեղ շնորհակալություն հայտնում ձեր և ձեր զավակների հերոսության համար և շնորհավորում ձեզ: Մամաներ ջան, առողջ եղեք և ապրեք երկար հանուն ձեր զավակների հիշողության և հանուն ձեր մյուս զավակների, որ դեռ շատ լուսավոր օրեր կպարգևեն ձեզ...»,- ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհին։