ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլիի ինքնազգացությունը, որը Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսով հոսպիտալացվել է, նորմալ է, նա հատուկ բուժում չի ստանում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է նրա դուստրը՝ Քսենիան։
«Վիճակը նորմալ է, ամեն ինչ լավ է, բուժվում է, ամեն բան կարգին է։ Ոչ մի հատուկ բուժում։ Հաշվի առնելով տարիքին համապատասխան քրոնիկական հիվանդությունները՝ բժիշկները որոշել են, որ հարկավոր է հիվանդանոցում թերապիա անցնել, որ հնարավոր լինի կաթիլային միացնել, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Դրամատիկական մեծ թատրոնից գործակալությանը հայտնել են, որ արտիստի վիճակը կայուն է, նկատվում է դրական դինամիկա։ «Նրան կաթիլայիններ են միացնում, նա իրեն ավելի լավ է զգում»,- հավելել են թատրոնում։
Բասիլաշվիլին կորոնավիրուսով հիվանդանոց է տեղափոխվել հունվարի 2-ին, նրա կինը նույն ախտորոշմամբ՝ հունվարի 3-ին։
86-ամյա Բասիլաշվիլին նկարահանվել է «Ծառայողական սիրավեպ», «Աշնանային մարաթոն», «Կայարան երկուսի համար» եւ այլ ֆիլմերում։
Աղբյուրը՝ «ՏԱՍՍ»