Ապրիլի 1-ին, Հայաստանի նկարիչների միությունում ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ բացվեց “Արևավիշապ” գրաֆիկական հումորի միջազգային առաջին փառատոնը: Այն կազմակերպվել է նկարիչների միության և Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի կողմից : Փառատոնը եզրափակեց հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Փառատոնն իր տեսակով առաջինն է և աննախադեպ: Այն ընդգրկում է մեծ աշխարհագրություն. մասնակիցները 52 երկրներից են՝ Ալբանիա, Ալժիր, ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա , Բուլղարիա, Գերմանիա , Եգիպտոս, Էկվադոր, Էստոնիա, Թաիլանդ, Թուրքիա, Ինդոնեզիա, Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Իրան , Լիբանան, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կանադա, Կոստա - Ռիկա, Հարավային Կորեա, Կուբա, Հայաստան, Հնդկաստան, Հունաստան, Ղազախստան, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Մարոկկո, Չեխիայի Հանրապետություն, Չինաստան, Պերու, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սիրիա, Սլովակիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ , Ֆինլանդիա և Ֆրանսիա: Աշխատանքների քանակական առատությամբ առաջին տեղում է Իրանը, այնուհետև՝ Չինաստանը: Հայաստանը նույնպես աչքի է ընկնում ակտիվ մասնակցությամբ: Ավելի քան 2400 աշխատանքներից ընտրվել են 1600 երգիծանկարներ, կոմիքսներ, ստրիպներ, շարժեր, որոնք և ներկայացված են ցուցադրման: Հետաքրքիր է դիտել յուրաքանչյուր ազգին բնորոշ երգիծանկարը, որտեղ էթնիկ, թեմատիկ ու տրամաբանական առանձնահատկությունները շեշտակի են: Գրատպությունը համարվում է փառատոնի հիմնական թեմաներից մեկը : Այդուհանդերձ, այլազան թեմաներով երգիծանկարներ ենք նկատում և տարբեր երկրներին ներհատուկ տարատեսակ խնդիրներ ենք տեսնում: Սուքիաս Թորոսյանի խոսքերով (Տոտո) , ով ցուցահանդեսի կազմակերպիչներից է, փառատոնի կարևորությունը նաև այն է, որ յուրաքանչյուր արտասահմանցի մասնակից իր աշխատանքն ուղարկելուց առաջ ուսումնասիրել է Հայաստանը, ճանաչել հայկական սիմվոլներն ու դրոշը: Սա ևս կարևորագույն ձեռքբերում է համարվում:
Մասնակիցները կարժանանան մրցանակների: Մրցանակակիրները կընտրվեն էլեկտրոնային քվեարկության միջոցով: Ցանկացողները կարող են քվեարկել նաև հենց ցուցասրահում: 1-ին, 2-րդ, 3-րդ գլխավոր մրցանակներ են ' Ոսկե Արևավիշապ, Արծաթե Արևավիշապ և Բրոնզե Արևավիշապ: Կշնորհվեն նաև հատուկ մրցանակներ՝ ՀՀ մշակույթի նախարարության մրցանակը՝ “Հայ գրատպության 500 ամյակը” , հայ երգիծանկարիչների ասոցացիայի մրցանակը և նկարիչների միության մրցանակը: Աշխատանքները կցուցադրվեն մինչև սույն թվականի ապրիլի 7-ը: Նույն օրը, ժամը 17:00-ին , տեղի կունենա մրցանակաբաշխությունը, այնուհետև, ըստ կազմակերպիչների հայեցողության, աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի թանգարաններում, պատկերասրահներում ու ցուցասրահներում:
Կազմակերպիչների նպատակներից է նաև, որպեսզի հետագայում Երևանը ճանաչվի որպես երգիծանկարի մայրաքաղաք: Կարծում ենք, մեկնարկը խոստումնալից է և հաջողված:
Լիլիթ Ստեփանյան