Թուրքմենստանի իշխանությունները 40-ից բարձր տարիքի տղամարդկանց, որոնք աշխատում են պետական և բյուջետային հիմնարկներում, արգելել են ներկել սպիտակ մազերը: Այս մասին հայտնել են Լեբապի վելայաթի որոշ պաշտոնյաներ՝ նշելով, որ նրանք, ովքեր սպիտակ մազ չունեն, պարտավոր են սպիտակ երանգ տալ մազերին:

 
 

Պաշտոնյաները նշում են՝ այս արգելքը կապված է այն հանգամանքի հետ, որ երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի մազերը սպիտակ են:

«Գրեքե բոլոր մասնագիտական հիմնարկներում, այդ թվում՝ դպրոցներում, առողջապահական հիմնարկներում, այն աշխատակիցներին, ովքեր մազերի ճերմակելը թաքցնելու համար մազ են ներկում, հրահանգել են վերադարձնել մազերի բնական գույնը՝ ճերմակը: Այդ պահանջը ներկայացվել է փետրվարի 1-ին»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակիցը:

Վերջինս նշել է, որ այս արգելքը բանավոր է ներկայացվել: Բյուջետային աշխատողներից մեկն էլ պատմել է, որ եթե իրենց շրջան գա նախագահը, ապա նրա հետ թույլ են տալու հանդիպել միայն սպիտակ մազերով մարդկանց: Նա նաև ասել է, որ նախկինում իրենց հակառակ պահանջն էր ներկայացվում՝ թաքցնել ճերմակ մազերը՝ դրանք սև ներկելով:

 
 

Նախորդ տարեսկզբին երկրի հանրակրթական հաստատություններում փոխել են նախագահի լուսանկարները: Նոր լուսանկարներում նախագահը սպիտակ մազերով է: Նախագահի լուսանկարների փոփոխությունն արվել է ուսուցիչների անձնական միջոցներով: