“Տիգրանի մոլորակը” սերիալի դերասաններ Գոռ Սահակյանցի, Տաթեւիկ Ադումյանի, Նաիրա Մովսիսյանի եւ Անի Խաչիկյանի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Այս անգամ մեր զրուցակիցը Գայանեի կերպարը մարմնավորող Կայա Խուրշուդյանն է:
2001-ին ընդունվել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին, սակայն ուսումս կիսատ եմ թողել:
Ընտանիքս ի սկզբանե դեմ է եղել դերասանուհի դառնալուս: Մասնագիտությամբ դաշնակահարուհի մայրս եւ Ներքին գործերի աշխատակից հայրս ոչ մի կերպ չէին հաշտվում որոշմանս հետ:
Անկախ այդ ամենից՝ ես ընդունվեցի ու սովորում էի անվճար հիմունքով, բայց ծնողներիս ու նաեւ երեք եղբայրներիս դժգոհությունները “ստիպեցին” ինձ կիսատ թողնել ուսումս:
Իմ կյանքում վճռորոշ դեր է խաղացել Ալբերտ Մկրտչյանը, որն ինձ առանց դիպլոմի էլ հրավիրեց “Մհեր Մկրտչյան” թատրոն: Ճիշտ է՝ ուսումս կիսատ է, սակայն թատերական այնպիսի դպրոց եմ անցել, որ հպարտանալ կարող եմ: Ալբերտ Մկրտչյան, Նարեկ Դուրյան… գործիչներ, որոնց մասնագիտական խորհուրդները շատ տեղին ու պետքական են իմ կյանքում:
Մուտքս հեռուստատեսային աշխարհ կապում եմ Հայկոյի ու Մկոյի “Կարգին հաղորդման” հետ: Դա մոտ 4 տարի առաջ էր: Այնուհետեւ սկսեցի նկարահանվել սերիալներում:
Առաջին սերիալը, որն ինձ մեծ ճանաչում բերեց, “Ո՞ւր է իմ տղամարդ”-ն է, որտեղ մարմնավորել եմ Աիդայի կերպարը: Իսկ այժմ “Տիգրանի մոլորակ”-ում հանդես եմ գալիս Գայանեի դերում:
Բացասական ոչինչ չեմ ուզում ասել սերիալների մասին, միայն ցանկանում եմ, որ պատահական եւ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ չլինեն ոլորտում. որակի մասին է պետք մտածել:
Սերիալների առատությունը դերասաններիս գումար վաստակելու հնարավորություն է տալիս:
Երեւի ճակատագիր է, որ խաղացածս բոլոր դերերը բացասական են: Բայց նման կերպարներ կերտելն ավելի հետաքրքիր է. քեզնից բավական տարբեր մարդու ես մարմնավորում:
Այսօր համատարած բնույթ կրող ամուսնալուծություններն ինձ համար անընդունելի են: Շատերը, այդ թվում՝ կերտածս կերպարը՝ Գայանեն, ամուսնալուծվում են՝ մտածելով միայն իրենց հանգստության մասին: Պետք է երեխաների մասին մտածել եւ ամեն ինչ անել ընտանիքը պահպանելու համար:
Շատ եմ ցանկանում, որ ջերմ հարաբերությունների, բարության ու սիրո մասին ավելի շատ ֆիլմեր նկարահանվեն:
Ապրում եմ դստերս՝ Մոնիկայի հետ: Նա 8 տարեկան է: Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, որովհետեւ բացի աշխատանքից, երեխայիս խնամքով եւ ուսման հարցերով եմ զբաղվում:
Ազատ ժամանակ սիրում եմ զբոսնել դստերս ու մեր շնիկի՝ Քիթիի հետ: Ժամանցի վայրեր էլ եմ այցելում. սիրում եմ ակումբային կյանքն ու ուրախ առիթները:
Ոճային փոփոխությունների դիմում եմ՝ կապված հոգեվիճակիցս: Շուրջ 3 տարի է՝ փիրսինգ ունեմ: Մտածում էի՝ շրջապատս չի ընդունի, բայց լավ վերաբերվեցին:
Նաեւ դաջվածք ունեմ, սակայն չեմ ասի, թե ինչ դաջվածք է եւ մարմնիս որ մասում :):
Անձնական կյանքումս փոփոխություն չկա: Բնավորությամբ ուժեղ եմ, կողքիս տղամարդն էլ ինձնից ուժեղ պետք է լինի: Արտաքինը, հարստությունը չեմ կարեւորում. նա պետք է լինի մեծատառով տղամարդ: