Դաջվածքները դարձել են ինքնադրսևորման ձև: Սակայն հարց է ծագում՝ որքանո՞վ են դրանք անվտանգ առողջության համար:

CNN-ն նշում է, որ դաջվածքները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել: Դա հիմնականում առաջանում է թանաքից, առավել հաճախ՝ դեղին և կարմիր:

Ամերիկյան մաշկաբանության ակադեմիայի տվյալներով՝ ալերգիկ ռեակցիան կարող է առաջանալ անմիջապես, մի քանի շաբաթ անց և, ինչը զարմանալի է, նույնիսկ տարիներ և տասնամյակներ անց:

Դեղին թանաքը զուգակցվում է արեգակի հանդեպ զգայունության հետ, ինչը կարող է գրգռում առաջացնել, ուստի անհրաժեշտ է դաջվածքը ծածկել՝ այն պաշտպանելու համար: Բայց լուսազգայունությունը սովորաբար վերանում է մի քանի տարի հետո:

Սակայն առավել տարածված է կարմիր թանաքի հանդեպ ռեակցիան: Շատերի համար ռեակցիան թեթև է. կարմրություն, այտուց կամ քոր, որը կարելի է բուժել ստերոիդային քսուքով:

Ոմանց դեպքում կարմիր թանաքը կարող է առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիա՝ դաջվածքը վերածելով մղձավանջի:

Կարող են հայտնվել պղպջակների նման պզուկներ, բշտեր և թեփոտվող բծեր, որոնք շերտատվում են: Հնարավոր է նաև ջրային արտադրություն: Եթե այս նշաններն ուղեկցվում են շնչառության դժվարությամբ կամ սրտի զարկերի հաճախացմամբ, գլխապտույտով, փորացավով, եղնջատենդով, անհրաժեշտ է անմիջապես բուժօգնության դիմել:

Մարդիկ կարող են հազվադեպ նեյրոդերմիտ ստանալ, որը հայտնի է նաև որպես քրոնիկական որքին:

Ինչպե՞ս իմանալ՝ ալերգիկ ռեակցիա արդյոք կառաջանա՞ կամ որքանո՞վ ծանր կլինի: Մաշկաբանները խորհուրդ են տալիս նախ անտեսանելի տեղում շատ փոքր փորձնական դաջվածք կատարել: Դուք կարող եք միանգամայն նորմալ վիճակում լինել, բայց կարմիր գունանյութում կարող է ինչ-որ բան լինել, որը ձեր օրգանիզմին ուղղակի դուր չի գալիս:

Մարմնի ստորին հատվածում 14 դաջվածքով 32-ամյա կինը բուժվում էր արգանդի վզիկի քաղցկեղի դեմ, երբ բժիշկները նկատել էին ուռած ավշահանգույցները: Կարծելով, որ նրա մոտ քաղցկեղը տարածվել է, նրանք հեռացրել են հանգույցները և հայտնաբերել, որ դրանց մեջ եղել են դաջվածքի մասնիկներ:

Ավստրալիայում բժիշկները մի կնոջ բուժել են քաղցկեղի տեսակի դեմ, որը կոչվում է լիմֆոմա: Ուռուցքներ կային նրա թևատակերին, ինչպես նաև մեծացած ավշահանգույցներ թոքերի հիմքի մոտ՝ քաղցկեղի բոլոր դասական նշանները: Բայց երբ նրանք այդ հանգույցները զննել են մանրադիտակով, հայտնաբերել են, որ դրանք դաջվածքի սև թանաք են: Նրա մոտ քաղցկեղ չկար, նրա իմունային համակարգն արձագանքել էր մեջքին արված դաջվածքին:

Հետազոտողների մեկ այլ խումբ ուսումնասիրել է դաջվածքներ ունեցող դիակները։ Նրանց ավշահանգույցներում նրանք հայտնաբերել են տեխնիկական ածխածնի թանաք, որը հեշտությամբ տարրալուծվում է չափազանց մանր կտորների, որոնք կոչվում են նանոմասնիկներ։ Նրանք նաև հայտնաբերել են տիտանի երկօքսիդի ավելի խոշոր մասնիկներ, որը տարածված է սպիտակ թանաքի բաղադրիչներում։ Բայց ամենատագնապալի բացահայտումը ավշահանգույցներում թունավոր ծանր մետաղներն էին, ներառյալ կոբալտ, նիկել և քրոմ։ Ծանր մետաղները երբեմն ավելացնում են դաջվածքի պիգմենտում որպես կոնսերվանտ։

Բացի այդ, եթե փսորիազի գեն ունեք, դաջվածքը կարող է առաջին անգամ ակտիվացնել հիվանդությունը կամ առաջ բերել գրգռում, եթե այն արդեն ունեիք։

Կարող են ի հայտ գալ նաև այլ մաշկային հիվանդություններ՝ էկզեմա, վիտիլիգո, սարկոիդոզ, կարմիր ողորկ որքին և անգամ մաշկի քաղցկեղ։

Եթե սպիի առաջացման հակում ունեք կամ կելոիդ եք ունեցել, որն ավելի մեծ սպի է, քան վերքը, Մաշկաբանության ամերիկյան ակադեմիան առաջարկում է մտածել դաջվածք անելուց առաջ։

med.news.am