Ուելսի Պենարտ քաղաքի բնակչուհին նայել է գնացքի պատուհանից և մահացել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
2018-ի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 22: 00-ին, 28-ամյա Բեթհան Ռուփերը ընկերների հետ վերադառնում էր գալիք Սուրբ Ծննդյան կապակցությամբ գնումներ կատարելու ուղևորությունից: Գնացքի պատուհանից նայելիս ուղևորուհին գլուխը հարվածել է ծառի ճյուղին և մահացու վնասվածք ստացել: Երբ գնացքը ժամանել է Բրիսթոլ Թեփլ Միսս կայարան, բժիշկներն արձանագրել են նրա մահը:
Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվել, որի արդյունքները հրապարակվել են հոկտեմբերի 16-ին: 35 էջից բաղկացած զեկույցում նշվում է, որ Ռուփերի արյան մեջ ալկոհոլի քանակը երկու անգամ գերազանցել է Մեծ Բրիտանիայում մեքենա վարելու թույլատրելի ցուցանիշը: Հետևաբար, ալկոհոլը կարող էր ազդել ուղևորի վարքի և արձագանքի վրա:
Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ Network Rail երկաթուղային ընկերությունը 2009 թ.-ից ճանապարհի մոտակայքի ծառերի դիտարկում չի անցկացրել: Նշվում է, որ ծառերի ճյուղերը պատշաճ կերպով կտրված չեն եղել և, իրոք, մարդու համար վտանգ են ներկայացրել: