Ուրախությունն ու վիշտը 2017-ին միաժամանակ թևակոխել են բրազիլական այս երիտասարդ ընտանիք: Մյուրիել Պադիլյայի 21-ամյա կինը՝ Ֆրենկիլենը, հղիության 2-րդ ամսում ուղեղի կաթված է տարել: Արդյունքում նրա ուղեղն անդառնալիորեն վնասվել է և մահացել, սակայն բժիշկները զարմանքով նկատել են, որ նրա զույգ պտուղներն անվնաս են մնացել և շարունակում են աճել: Դա իսկական հրաշք է եղել, քանի որ վերակենդանացման փորձերի ժամանակ նրանց մորը ներարկել են ուժգին դեղամիջոցներ, այդ թվում՝ հակաբիոտիկներ: Հավելենք, որ Ֆրենկիլենի բոլոր օրգանները, բացառությամբ գլխուղեղի, ամբողջ ընթացքում նորմալ աշխատել են: Բժիշկներն ու ընտանիքը որոշում են կայացրել արհեստականորեն պահպանել մոր կյանքը մինչև որ երեխաները կծնվեն:
Հիվանդանոցի անձնակազմն ու ինքը՝ բուժող բժիշկն, ամեն ինչ արել են, անգամ երաժշտություն են միացրել ու հեքիաթներ են կարդացել, որ երեխաները ճիշտ զարգանան մայրական արգանդում:
Ամուսինը՝ Մյուրիելը, ծանրագույն սթրես է տարել, սակայն կարողացել է հավաքել իրեն հանուն փոքրիկների: Երկվորյակներից բացի զույգը նաև 2 տարեկան դուստր ունի:
«Ֆրենկիլենն իմ երազներում հաճախ էր այցելում, հատկապես, երբ ես հուսահատության անդունդի եզրին աղաչում էի Աստուց, որ նա ինձ վերադարձնի նրան: Մի անգամ գիշերը նա նստեց իմ անկողնուն ու ասաց. «Սիրելիʹս, ես այլևս չեմ կարող գալ, ես մի հիանալի վայրում եմ, պետք է մնամ այստեղ: Իսկ դու մեծ առաքելություն ունես: Դու պետք է հոգ տանես մեր երեխաների հանդեպ: Դուք պետք է ուժեղ լինեք, առաջ շարժվեք ու ապրեք ձեր կյանքով»:
Կաթվածից 123 օր անց երկվորյակները՝ 1,4 կգ կշռող աղջիկն ու 1,3 կգ կշռող տղան, լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով:
Նրանք ունեցել են թերհաս երեխաներին բնորոշ ֆիզիկական տվյալներ: Բժիշկ Ռիվաբեմը խոստովանել է, որ ամբողջ բուժանձնակազմն, այդ թվում և՝ ինքը, արտասվել են, երբ երեխաները ծնվել են:
Նրանց ծնունդից հետո անջատել են մոր կենսաապահովման սարքերը:
Հավելենք, որ սա բժշկության մեջ ամենաերկար ժամանակահատվածն էր, երբ մոր կյանքը արհեստականորեն պահպանվում է հանուն պտղի: