Կանանց շրջանում, որոնց արգանդի մեջ ներարգանդային պարույր է տեղադրվել, ձվարանների քաղցկեղի հավանականությունը 15-32 տոկոսով նվազում է: Այս մասին նշված է UCHealth University of Colorado Hospital-ի գիտնականների նոր հետազոտության մեջ:
Հետազոտության համաձայն՝ պարույրը քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնում է՝ անկախ հորմոնային կամ ոչ հորմոնային լինելուց: Ճիշտ է, առայժմ հայտնի չէ, թե պարույրը որքան երկար պետք է մնա կնոջ արգանդի մեջ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար և այդ արդյունքն ինչ մեխանիզմով է ձեռք բերվում:
Ձվարանների քաղցկեղն անվանում են «լուռ մարդասպան», քանի որ 80 տոկոս դեպքերում այն ախտորոշվում է ուշ փուլերում, երբ արդեն առկա են մետաստազներ, և բուժումն արդեն քիչ արդյունավետ է: Իսկ եթե ձվարանների քաղցկեղը վաղ փուլերում է հայտնաբերվում, հիվանդությունը հաղթահարելու հնարավորություններն ավելի շատ են: Կանանց շրջանում բոլոր ուռուցքային հիվանդությունների թվում ձվարանների քաղցկեղը մահացության մակարդակով զբաղեցնում է 5-րդ տեղը, սակայն սա կնոջ վերարտադրողական համակարգի ամենամահաբեր ուռուցքն է:
Ձվարանների քաղցկեղի ախտանշաններն են՝ փորի կայուն ցավը, փքվածությունը, այրոցը, հաճախամիզությունը և միզապարկի լիքը լինելու մշտական զգացողությունը: Այս հիվանդությանն առավել հաճախ բախվում են 50-ն անց կանայք, որոնց մոտ դաշտանադադար է սկսվում: