Ժամանակն է զգեստապահարանը թարմացնել գարուն–ամառ սեզոնի հագուստներով։ Համաշխարհային նորաձեւության տներն արդեն ներկայացրել են իրենց նոր հավաքածուները։ Նկարիչ-մոդելավորող Արփինե Կոշտոյանը խոսել է սեզոնի թրեդների և հակաթրենդների մասին:
«Ձմռան բարենպաստ եղանակային պայմաններից ելնելով` այս տարի գարնանային շրջանին անցումն այդքան էլ նկատելի չէ: Եթե համաշխարհային տները ձմռանը նորաձեւ էին համարում մորթյա եւ տաք հագուստները, ապա մենք այս տարի չկարողացանք հետեւել թրենդներին: Փոխարենը մենք կարող ենք հագնվել գարուն-ամառ սեզոնի նորաձեւ եւ բազմաոճ հագուստները: Այս տարի նույնպես նորաձեւությունը հատկապես աղջիկների համար շռայլ է գտնվել: Ի դեպ, շատ ողջունելի է, որ տարեցտարի նկատվում է նորաձեւությամբ հետաքրքրվողների եւ նորաձեւ հագնվող մարդկանց թիվը»,- ասաց Արփինեն:
Դիզայները ներկայացնում է թրենդային լուքերը
Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա գլխավոր ու արդիական գույնը մանուշակագույն է` իր բոլոր երանգներով: Հատկապես նորաձեւ են կապույտ եւ վարդագույն երանգները: Նորաձեւ են նաեւ պաստելային երանգները` դեղին, բաց կապույտ եւ այլն: Իսկ սեւն ու սպիտակը շարունակում են նորաձեւ համարվել: Հատկապես, վերջին շրջանում նկատելի է, որ սեւն ու սպիտակը գերակշռող են եւ մարդիկ թե առօրյայում, թե գործնական եւ թե երեկույթներին հագնում են սեւ եւ սպիտակ հագուստներ:
Այս տարի շարունակվում են ակտուալ մնալ տարբեր ոճերի համադրություններ, որոնք տարեցտարի շատանում են եւ հասնում ավելի խենթ ոճի: Հատկապես, համաշխարհային աստղերի շրջանում խենթության հասնող համադրությունները նկատելի են:
Այս տարի նորաձեւ են ուղիղ ձեւվածքով պիջակները, որոնք չեն ընդգրկում կառուցվածքը: Նման պիջակները հիմնականում առօրյայում են հագնում, սակայն աշխատանքային ոլորտում էլ կարելի է համադրել: Նորաձեւ են ջինսե հագուստները, ուղիղ եւ մինիմալիստական պարզ զգեստները, որոնք համադրված են տարբեր նախշերով եւ քարերով:
Նորաձեւ են` կանացի նուրբ կոշիկները, ուսապարկերը, փոքր պայուսակները, (կեպիները), որոնք կարելի է համադրել թե դասական, թե առօրյա ոճի հետ: Այս տարի նաեւ ակտուալ են փետուրները:
Հակաթրենդները
Կիպ, ընդգծող զգեստներն այլեւս նորաձեւ չեն: Նորաձեւությունից դուրս են եկել նաեւ փայլուն փուլերով զգեստները:
Մեծ պայուսակներն էլ են հակաթրենդ համարվում:
Բարձրակրունկ կոշիկները նույնպես այս տարի դուրս են եկել նորաձեւությունից: