Բոլորս էլ երևի ժպիտով ենք հիշում մեր մանկապարտեզի տարիները' անկախ նրանից սիրով ենք հաճախել, թե լացուկոծով :) մանկության այդ տարիներից մեր հիշողություններում հատկապես գամվել է մանկապարտեզի «մաննի կաշան» ու բորշը, հանդեսներն ու խմբի ամենաչար տղան:

 

Իվետա Մուկուչյան
Մինչև Գերմանիա տեղափոխվելը' երգչուհի Իվետան մինչև հինգ տարեկանը բնակվել է Երևանում և իր լուսանկարները, այդ թվում' մանկապարտեզի, պահում է էլեկտրոնային տարբերակով: Փաստորեն, ուզած պահին, աշխարհի ցանկացած կետում իր հուշերն իր հետ են: «Հաճախել եմ Զաքյան փողոցի հարևանությամբ գտնվող մանկապարտեզը: Հիշողությանս մեջ ամենաշատը տպավորվել է մեր խմբի Էրիկը, ով միշտ ինձ համար խաղալիք կամ կոնֆետ էր բերում: Հիշում եմ, որ շատ հանգիստ երեխա էի, ու եթե անգամ անկյուն էլ կանգնեցնում էին, խելոք ենթարկվում էի. քմահաճույքներս 18-ից հետո սկսվեցին :)»,- անկեղծացավ Իվետան:

 

Մինչ մյուս երեխաներն իրենց հետ տիկնիկ կամ կոնֆետ են տարել մանկապարտեզ, Իվետան ամեն օր հետը «բայան»' մայրիկի սպիտակ գիշերանոցն է տարել: Ըստ երգչուհու' մինչև հիմա էլ շփվում է մանկապարտեզի իր ընկերների հետ, որոնցից մեկը Փարիզում է բնակվում, մյուսը' Լոնդոնում:

 

Արչի
Հայտնի հաղորդավարը միանգամից խոստովանեց, որ մանկապարտեզ հաճախելու տարիներից էլ լկստված էր և միշտ ստացել է այն, ինչ ուզել է: «Մոտ 3 տարի հաճախել եմ Չարբախի թիվ 96 մանկապարտեզը: Չնայած շատ չար էի, բայց բոլորն էլ սիրում էին ինձ:

 

Երևի նրանից էր, որ միշտ կազմակերպչի, լիդերի դերում էի. ասենք' կազմակերպում էի, որ խմբով չքնենք կամ էլ փախչում էի մանկապարտեզից ու տուն գնում: Մեկ էլ հիշում եմ' մազերս էին կտրել, ինչն ինձ դուր չէր եկել. մանկապարտեզում գլխարկը օրերով գլխիցս չէի հանում»,- պատմեց Արչին:

 

Կարեն Բաբաջանյան
Պարզվում է' Կարենը «կյանքի անարդարությունները» ճանաչել է հենց մանկապարտեզում, որը «3-րդ մասում» էր :) «Հիշում եմ' մեր մանկապարտեզում բալի պատկերով պահարան, աթոռ, գծավոր աման ու նկարով գդալ ունենալը պրեստիժ էր: Դե, բալով պահարանն իմն էր, բայց մնացածի համար ստիպված պայքարում էի :) Մաննի կաշան, կաթն ու ամենը, ինչ կապված էր կաթի հետ, երբեք չեմ կերել, ու չէին էլ ստիպում: Մանկապարտեզից շատ բան եմ հիշում, ավելի շատ, քան դպրոցի 1-ին, 2-րդ դասարաններից: Հիմա էլ բոլորին հիշում եմ ու, եթե դրսում տեսնեմ, հաստատ կճանաչեմ»,- վստահեցրեց Կարենը:

 

Նրա խոսքերով' մանկապարտեզում շատ անգամ է հանդեսի գլխավոր հերոսը եղել, բայց ամենաշատը տպավորվել է Ձմեռ պապիի դերը: «Հանդեսից առաջ ասել էին, որ 3 անգամ կանչելուց հետո միայն մտնեմ դահլիճ: Ես էլ կողքի սենյակում սպասում էի իմ հերթին: Չգիտեմ' ինչով էի տարվել ու մոռացել, որ պետք է բեմ դուրս գամ: Մեկ էլ հիշում եմ, որ դաստիարակը եկավ, թե' այ տղա, ինչի՞ չես գալիս, մեռանք քեզ կանչելով :)»,- ժպիտով հիշեց Կարենը:

 

Մկո
Մկոն մանկապարտեզ հաճախել է Գյումրիում և կարգին տղայի նման իր հետ միշտ մեքենա է տարել մանկապարտեզ: «Շատ աշխույժ, ակտիվ էի ու մանկապարտեզից հաճախ էի փախչում' կա՛մ տուն էի գնում, կա՛մ գնացքի գծերի մոտ: Արդեն գիտեին' եթե տանը չէի, միանգամից գալիս էին կայարան:

 

Այդ ժամանակ մայրիկս հաճախ էր երկրից դուրս գնում և հետը միշտ խաղալիք ավտոմեքենա էր բերում, ես էլ արդեն հավաքածու ունեի ու ամեն օր դրանցից մեկը հետս տանում էի մանկապարտեզ: Ընդհանրապես մինչև 10-րդ դասարան շատ պարփակված եմ եղել, բայց խմբի ընկերներիս հետ մինչև հիմա էլ մոտ եմ ու հաճախ ենք հանդիպում»,- ասաց Մկոն:

Դեր Հովա
Դեր Հովան մանկապարտեզ հաճախել է Կանադայում և, չնայած այդ տարիներից լուսանկար չուներ, բայց շատ լավ է հիշում այդ ժամանակը: Նա պատմեց, որ իրեն բախտ է վիճակվել հաճախել այնպիսի մանկապարտեզ, որտեղ կենդանիներ են եղել' նապաստակներ, օձեր ու թռչուններ: Դեր Հովան նշեց, որ մանկապարտեզից երբեք չի ուշացել, որովհետև ամեն առավոտ մայրիկին միացել է նաև իրենց թութակը և բարձր ձայնով կրկնել մայրիկի հորդորները: «Հաճախել եմ Կանադայի Տորոնտո քաղաքի Արփի Մերասի հայալեզու մանկապարտեզը, որտեղ ամենաշատը ուշադրություն էին դարձնում մշակութային և ազգային դաստիարակությանը: Մեզ մոտ անգամ բեմադրություններ էր անում Արմեն Խանդիկյանը, իսկ պարի դասեր էր տալիս լեգենդար Ազատ Ղարիբյանը: Մասնակցում էի բեմադրվող բոլոր ներկայացումներին, և թող անհամեստ չթվա, միշտ գլխավոր դերեր էի ունենում: Հարազատներս նույնիսկ վստահ էին, որ թատերական գծով եմ շարունակելու»,- նշեց երգահանը:

 

Ըստ Դեր Հովայի' ծնողները հիմա էլ են զարմանում, թե որքան է այժմ փոխվել: «Շատ աշխույժ երեխա էի, բայց' ոչ չար: Աշխուժության պատճառով ցերեկները չէի քնում, իսկ ամենասիրածս զբաղմունքը սառնարանների վրա բարձրանալն էր ու կապ չուներ' որտեղ եմ կամ ում տանը»,- նշեց նա: