Դեկտեմբերի 25-ին դիզայներ Թամարա Խաչատրյանը ներկայացրեց իր նոր՝ «Թամար» հավաքածուն։ Ֆոտոշարքի դեմքն, ի դեպ, հաղորդավար, դերասան Գայանե Ասլամազյանն է:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում դիզայներ Թամարա Խաչատրյանը նշեց, որ այս անգամ ներկայացրել է բոլորովին նոր և թրենդային հագուստներ, իսկ ֆոտոշարքի ոճաբանը դիզայներ Մանուկ Ալեքսանյանն է:
«Թամար» հավաքածուն 15 նմուշ է պարունակում, որոնցում կաշին համադրված է այլ կտորների հետ: Ինչ վերաբերում է գունային համադրությանը, ապա ընտրված է երկու երանգ՝ սև և տարվա թրենդային գույն համարվող նարնջագույն:
Հավաքածուի դեմքը Գայանե Ասլամազյանն է, ում դիզայներն ընտրել է մեծ բծախնդրությամբ և երկարատև քննարկումների արդյունքում: Բանն այն է, որ Թամարա Խաչատրյանը շուրջ երկու ամիս փնտրել, բայց չի կարողացել համապատասխան մոդել գտնել. «Բայց երբ տեսա Գայանեին, միանգամից հասկացա՝ հենց նա է այն կինը, ով համապատասխանում է իմ պատկերացրած կերպարին: Գայանեն առանց մեկ վայրկյան վարանելու ընդունեց առաջարկս և սկսվեց մեր համագործակցությունը»,- ասաց Թամարա Խաչատրյանը:
Նա նշեց՝ կերպարները ստացել են իրենց թիմի ջանքերով, դրանց վրա աշխատել է ոչ միայն ինքը, այլև ոճաբան Մանուկ Ալեքսանյանը, դիմահարդար Մանե Սահակյանը, նկարիչ Վահե Ստեպը:
Ի դեպ, թեև դիզայները նոր է ներկայացրել իր «Թամար» հավաքածուն, արդեն աշխատում է մեկ այլ հավաքածու ստեղծելու ուղղությամբ. «Ներկայացնելու եմ ձմեռային տաք հագուստներ, որոնք կլինեն առօրյա և հարմարավետ, ի տարբերություն «Թամար» հավաքածուի, որն ավելի շատ պարտադրող ոճի մեջ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նոր աշխատանքները պատրաստ կլինեն մոտավորապես 20 օրից:
Դիզայներն ընդգծեց՝ իր ստեղծած հագուստները բնորոշ են իր բնավորությանը և ինքը հիմնականում ստեղծում է այնպիսի հագուստներ, որոնք անձամբ կհագներ. զուսպ հագուստների կանացիությունն ընդգծվում է այլ շեշտադրումներով:
Հավելենք՝ թեև կարճ ժամանակ է, ինչ դիզայները մուտք է գործել նորաձևության աշխարհ, բայց արդեն հասցրել է համագործակցության մի շարք առաջարկներ ստանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրից, որոնք դեռևս քննարկումների փուլում են: