Նոյեմբերի 11-ին Հայպետֆիլհարմոնիայի նորաբաց հյուրասրահում տեղի ունեցավ կոմպոզիտոր Աննա Մանուկյանի և իսպանացի հայտնի շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսի համատեղ աշխատանքի պրեմիերան:
 
Դեռևս նախորդ ամիս էր Հայաստան ժամանել Ուտուրվիդես Վիլչեսը. նրանք հասցրեցին և՛ հանդիսատեսին ներկայանալ, և՛ տեսահոլովակ նկարահանել: Աննա Մանուկյանի և իսպանացի հայտնի շեփորահարի համատեղ աշխատանքն անվանվել է «Քարերի սիմֆոնիա»:
 
Տեսահոլովակն առանձնահատուկ է նրանով, որ լավագույնս է ներկայացնում Հայաստանի՝ պատմական մեծ արժեք ներկայացնող Գառնու հեթանոսական տաճարը և տաճարին հարակից «Քարերի սիմֆոնիա»-ն:
Տեսահոլովակի հեղինակները կարծում են՝ այս տեսահոլովակը Գառնիի գեղեցկությունը և բացառիկությունն ընդգծելու ևս մեկ տարբերակ է, որ Հայաստան կարող է բերել Ուտուրվիդես Վիլչեսի՝ մեծ թվով երկրպագուների:
 
Տեսահոլովակը նկարահանվել է Ֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագծի շրջանակներում: «Դեբյուտ»-ը նպատակ ունի դասական երաժշտաարվեստում բացահայտել և հանրությանը ներկայացնել նոր անուններ, նոր ստեղծագործություններ՝ միտված դասական երաժշտության ստեղծմանն ու տարածմանը: Բացի այդ, խնդիր է դրվել աջակցել շնորհալի երիտասարդներին՝ ներկայանալու հանրությանը։
 
«Դեբյուտ» նախագիծն ունի շարունակական բնույթ, Ֆիլհարմոնիան պատրաստ է համագործակցել երաժշտության ասպարեզում ներուժ ունեցող յուրաքանչյուր երիտասարդի հետ: