Ռուսաստանում 2013թ. տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանում: Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիելյանի նախագահությամբ բավարարեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության միջնորդությունը:

 


ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչության իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Հրաչյա Հարությունը ներկայացված միջնորդության հետ համաձայնվել էր:
2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

 

Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: