Անուշիկ Ալավերդյանը թեեւ վախենում է մեծանալուց, այնուամենայնիվ, շատ է սիրում իր ծննդյան տարեդարձն ու ամեն տարի հաճույքով նշում է: BRAVO.am-ին 25-ամյա երգչուհին պատմել է, որ այս անգամ մարտի 2-ն անցկացրել է Ծաղկաձորում' սիրելիի եւ ընկերների հետ:

 

“Իմ բենդի ղեկավար Կարեն Մամիկոնյանի հետ այնտեղ ներկա եմ եղել միջոցառման, որի շրջանակում երգել է “Ռեինկարնացիա” խումբը: Հետո էլ Ռոլանդի եւ նրա սիրելիի' Գայանեի հետ լավ ժամանակ ենք անցկացրել, հանգստացել ու հաջորդ օրը վերադարձել ենք Երեւան”,-պատմել է նա:

 

Անուշիկը դեռ նախորդ տարի մեզ հետ զրույցում նշել էր, որ շատ է ցանկանում իր ծննդյան տոներից մեկը կազմակերպել մանկական սրճարանում եւ հաջորդ տարիներին միգուցե իրականացնի իր վաղեմի ցանկությունը.“Այս անգամ ընկերուհիներիս հետ դժվար թե մեծ խնջույք անեմ, բայց որքան մեծանանք, այնքան ավելի հետաքրքիր կլինի մանկական միջավայրում անցկացնելը: Նվերների հարցը ընկերներով միշտ քննարկում ենք ու իրար պետքական իրեր նվիրում:)”:

 

Երգչուհին շնորհավորանքներ ստացել է սկսած կեսգիշերից.“Ընկերուհիս' Սուրեն Առուստամյանի քույրը, գիշերը տորթով, հրավառության պարագաներով եկել էր մեր տուն: Ընտանիքիս հետ եւս նշել եմ”:

 

Հոբելյարը շնորհավորանքներ է ընդունել նաեւ արդեն փարիզաբնակ քույրիկից' Արեւիկից, եւ ամերիկաբնակ եղբորից' Հովակից.“Եղբորս ընտանիքն անակնկալ մատուցեց. մեր տուն տորթ էին ուղարկել, ես էլ այդ տորթով գնացի Ծաղկաձոր:)”:

 

Անուշիկ Ալավերդյանը նաեւ տեղեկացրել է, որ շարունակում է իր բենդի հետ ակումբային համերգներ տալ, օրեր առաջ էլ սիրելիի' դաշնակահար Կարեն Մամիկոնյանի հետ “Van Music Awards 2012”-ին մրցանակ են ստացել բլյուզային լավագույն կատարման համար: Խոսելով առաջիկա աշխատանքներից' երգչուհին նշել է, որ իր բենդի հետ պատրաստվում են ելույթ ունենալ Քաթարում, որից հետո էլ նախատեսում է ավարտին հասցնել նոր տեսահոլովակի նկարահանումը: