1. «Իսկ ինչպիսի՞ մեքենա ունես: Իսկ բնակարա՞ն: Իսկ մուշտակ կգնե՞ս»
Սատանան գիտի, թե ինչպես է գեղեցիկ տիկնանց աչքի մեջ ծուռ հայելու բեկոր ընկնում, բայց եթե ընկնում է, ապա վերջ՝ չարչի կինն այլեւս տղամարդու չի տեսնում, այլ միայն ժլատների եւ ուզվորների: Ժլատին պիտի քամել, իսկ ուզվորին՝ նսեմացնել, երրորդը տրված չէ: Այսինքն՝ նա երազում է երրորդի մասին. տղամարդու, որը կգա եւ իրեն փողով կողողի, սակայն քչերին է նման երջանկություն վիճակվում, եւ նա դա հասկանում է: Նշանակում է՝ մնում են ժլատները: Եվ սկսվում է՝ վայ, ես հեռախոսս զուգարանակոնքն եմ գցել: Ո՛չ, ես չեմ գնա, հարմար զգեստ չունեմ: Նորմալ մարդիկ Բալիում են ամուսնանում: Ինձ նոր մուշտակ է պետք, դու, ի՞նչ է, չե՞ս հասկանում: Ինչո՞ւ եմ ընդհանրապես քեզ հետ ապրում:
Եվ իսկապես: Գուցե արդեն բաժանվենք: Ես մուշտակին դեմ չեմ, բայց, թանկագինս, հասկացիր՝ ես չեմ կարող դանակը կոկորդիս վրա ապրել եւ ամեն անգամ որոշել՝ ի՞նչ տամ՝ դրամապանա՞կս, թե՞ կյանքս:
2. Սիրելիս, ես առանց քեզ չեմ կարող
Որքան հաճելի է զգալ, որ սիրելիդ տառացիորեն ի վիճակի չէ առանց քեզ շնչելու: Մեկ ամիս հաճելի է: Երկու: Հետո՝ վերջ: Հետո հասկանում ես, որ արդեն դու չես կարողանում ազատ շունչ քաշել: Նման կինը պարանոցիցդ է կախում իր անձնազոհ սիրո ծանր քարը: Նրան մշտապես ասա, որ սիրում ես, այլապես նա հալումաշ կլինի: Նրան գրկիր քնած ժամանակ, այլապես կվիրավորվի: Նրան թույլ տուր քեզնից կառչել մարդկանց ներկայությամբ, այլապես նա վախենում է: Նրան երբեք մի լքիր, նույնիսկ մեկ րոպեով: Աշխատանքի եւ զուգարան կարող ես մենակ գնալ, բայց հիշիր, որ այդ ժամանակ նա տառապում է: Նրան թույլ տուր քո մեջ տարրալուծվել, այլապես նրան ցավ ես պատճառում: Այլապես ծեծված բակապահ շան նրա հայացքը քեզ կհետեւի ե՛ւ հարթմնի, ե՛ւ գիշերային մղձավանջներում: Գրկիր քո խաչը, մինչեւ ողնաշարդ չճեղքվի: Միայն այդ ժամանակ նա օտարի մոտ կգնա, իսկ դու՝ ազատված եւ երջանիկ մտավոր հաշմանդամդ, կսողաս:
3. Դե, որտեղի՞ց իմանամ բնակարանի համար ինչպես վճարել
Եվ իսկապես: Նախկինում դա անում էր նրա մայրը, իսկ հիմա պետք է ես անեմ: Հաշիվները վճարել, սանտեխնիկի կանչել, վիզայի փաստաթղթերը հավաքել, հյուրանոցային համար ամրագրել, տոմսեր պատվիրել, մեքենան վարել, երեխային մանկապարտեզ ընդունել… Որովհետեւ նա եւս երեխա է: Մանկականության 60 կիլոգրամ: Նա չի կարող այս ամենն անել, որովհետեւ չգիտի ինչպես անել: Եվ նրա համար սարսափելի է: Բանկում չար տիկիններ են աշխատում, սանտեխնիկն անկապ է խոսում, հյուրանոցների ծառայողներն անգլերեն են խոսում, ճանապարհային երթեւեկությունն էլ ընդհանրապես զուգահեռ ինչ-որ տիեզերք է, իսկ այս քնքուշ ծաղիկն ի վիճակի չէ դրա խճճված կանոններին հասու լինել: Ապրելն ինչ սարսափելի է: Իսկ ինձ համար սարսափելի է ե՛ւ ինձ համար ապրելը, ե՛ւ այդ կնոջ:
4. Քո որդին դարձյալ աղջկա հետ է կռվել
Իմ որդին: Հրաշալի է, ես որդի ունեմ: Առաջ նա չկար: Առաջ դա նրա որդին էր, որին ոչ մի կերպ չէր կարելի ինձ վստահել: Ես ամեն ինչ կփչացնեմ: Կլողացնեմ եռացրած ջրով, կկերակրեմ «Դոշիրակով», առեւտրի կենտրոնում կկորցնեմ, վատ բաներ կսովորեցնեմ: Բայց հենց երեխան մեծանա եւ սկսի խուլիգանություններ անել, կանոններ խախտել եւ աղմուկ սարքել, ապա անմիջապես իմ որդին է դառնում: Լրիվ ինձ է քաշել: Ամեն ինչի մեջ ես եմ մեղավոր: Քիչ է, որ նրան եմ փոխանցել իմ վնասակար գենոֆոնդը, նաեւ չեմ դաստիարակել: Այնպես որ, ամեն ինչում ես եմ մեղավոր՝ ես էլ պետք է խնդիրները լուծեմ: Բայց սպասիր, չէ՞ որ հենց դու ինձ թույլ չէիր տալիս նրան դաստիարակել… «Դե լավ, վերջ»:
5. Կտամ-չեմ տա
Սեքսով մանիպուլյացիաներ կատարելն ամենասարսափելի մեղքն է, որը ձեզ կասի ցանկացած տղամարդ: Եթե, իհարկե, հարցնեք: Միայն թե նա չի պարզաբանի՝ ինչու, քանի որ ինքն էլ այդ մասին չի մտածում: Նա պարզապես գիտի: Երկինքը կապույտ է: Ջուրը՝ թաց: Սեքսը որպես շանտաժի գործիք օգտագործելը մեղսալի է: Բայց նա հնազանդորեն ուղղվում է դեպի բազմոց եւ սպասում մինչեւ իրեն մահճակալ կհրավիրեն: Միանգամայն հնարավոր է՝ ոչ ամուսնական: Բայց, ախր, այդ սրիկան ինչպես կարող էր նման բան անել: Դե, շատ պարզ: Եթե կինն ասում է. «Ես քեզ կտամ, եթե քեզ լավ պահես, իսկ եթե ոչ՝ չեմ տա»,- ապա քեզ հետ կրքոտ սեռական սեր ակներեւաբար այլեւս չի ցանկանում: Դե, չես ցանկանում՝ մի ցանկացի:
6. Դու ինձ պարտք ես, որովհետեւ ես փերի եմ
Ի դեպ, պարտք եմ ոչ միայն փող, գրողը տանի փողերին, այս տարբերակն առաջարկվում է «Նորմալ, սովորական տղամարդ» մոդելի բազային լրակազմում: Ես ամեն ինչ եմ պարտավոր: Զվարճացնել, քանի որ նա ձանձրանում է: Հոգ տանել, որովհետեւ նա աղջիկ է: Ցանկացած անհասկանալի վիճակում ամեն ինչ թողնել եւ նրա ձեռքերը բռնել, որովհետեւ նա թշվառ փիսիկ է: Ես սեփական կյանք չպետք է ունենամ: Իմ ամբողջ կյանքն ի սպաս է դրված քնքուշ փերիին: Դե, լավ, ես պարտք եմ, իսկ դո՞ւ, դու ինչ-որ բան ինձ պա՞րտք ես: Նա ոչ մի բան պարտք չէ: Երկրի վրա նրա առաքելությունն իր գոյությամբ իմ ոչ պիտանի, տրտում կյանքը զարդարելն է: Դրա համար նա ի՞նչ է անում: Ոչ մի բան էլ չի անում: Միայն թեւիկներն է թափահարում:
7. Ես քեզ կվերափոխեմ՝ կսափրեմ, կմաքրեմ, նոր հագուստ կհագցնեմ, նորմալ մարդ կդառնաս
Եթե ես ամուսնանում եմ՝ վերցնում եմ այն, ինչ ինձ տվել են: Փափկասուն օրիորդին ամբողջությամբ, ինչպիսին որ կա: Այդ պատճառով էլ, իհարկե, կարող եմ աղաղակել. «Որտեղ էին աչքերս, երբ նստեցի այս փոշեծծիչի ղեկին»: Ըստ էության, ուշ է բորժոմի խմելը, ինչ աճել է՝ այն էլ աճել է: Կամ մի վերցրու, ինչ տալիս են, կամ վերցրու, բայց հետո մի նվնվա: Բայց կանայք այսպիսին չեն, ամենեւին այսպիսին չեն: Ոչ թե այն պատճառով, որ նրանց վերջնարդյունքն անգամ դուր չի գալիս. նրանք սկզբունքորեն նրան վերջնական չեն համարում: Տղամարդը բանական մարդու յուրատեսակ կաղապար է, կիսահումք: Այն պետք է կացնով տաշել, խարտոցով վերջնամշակել, հղկել, ներկել, չորացնել, լաքապատել, եւ այդ ժամանակ, հնարավոր է, ամոթահար չես լինի նրան մարդամեջ հանելուց: