Դերասանուհի Սիլվի Բարկովան այս օրերին եվրոպական տարբեր քաղաքներում բնակվող հայերի համար ներկայացումներով է հանդես գալիս: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է հյուրախաղերի մանրամասների մասին:

 

«Վերջերս Ֆրանսիայի հայ համայնքի մշակույթի բաժնից առաջարկ ստացա մեկնել իրենց մոտ եւ Ֆրանսիայում բնակվող հայ երեխաների, ինչու ոչ նաեւ մեծերի համար Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացման մեջ խաղալ: Իհարկե սիրով համաձայնեցի, իսկ որոշ ժամանակ անց պարզվեց, որ Բելգիայի Օստենդե քաղաքի հայերը եւս ցանկանում են, որ իրենց մոտ էլ այդ ներկայացումները խաղանք: Արդեն մի քանի անգամ ելույթ ենք ունեցել, եւս մեկը կկայանա հունիսի 11-ին՝ Ստրասբուրգում»,- պատմեց Սիլվի Բարկովան:

 

Ֆրանսիայի «Վերագնտված երջանկություն» մշակութային կազմակերպությունը, ի դեմս հիմնադիր Հայկ Մելիքյանի եւ համայնքի մշակութային բաժնի տնօերն Արմինե Գաբրիելյանի, Սիլվիի հետ միասին հրավիրել են նաեւ դերասանուհի Ռուզաննա Մաթեւոսյանին, ով, ի դեպ, Սիլվի Բարկովայի համակուրսեցին է:

 

Խոսելով եվրոպական երկրներում բնակվող հայ հանդիսատեսի մասին՝ Սիլվին նշեց.

 

«Նախ պետք է ասեմ, որ Փարիզի ներկայացումները խաղում ենք այնտեղի Սուրբ Հավհաննես եկեղեցու սրահում, ինչը շատ ոգեւորիչ է: Ինչ վերաբերվում է հանդիսատեսին, նրանք բացի շատ լավը լինելուց, նաեւ շատ ջերմ են: Ներկայացումների վերջում, երբ ցանկանում էին նկարվել մեզ հետ, այնքան մտերմիկ էին զրույցը վարում, այնքան կարոտած համբուրում, որ ինձ թվում էր, թե բարեկամ ենք իրար: Նրանցից քանիսն անգամ ինձ այցեքարտ տվեցին՝ իրենց հասցեով ու հեռախոսահամարով, որպեսզի մյուս այցելության ժամանակ անպայման զանգահարեմ եւ հյուր գնամ իրենց, կամ էլ օգնության կարիք ունենալու դեպքում, դիմեմ նրանց: Իսկապես շատ շնորհակալ եմ այստեղի հանդիսատեսին նման ջերմ վերաբերմունքի համար»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։