Կիեւում Մակեդոնիայից «Եվրատեսիլ-2017»-ի մասնակից Յանա Բուրչեսկան իր սիրած տղայից ամուսնության առաջարկություն է ստացել փառատոնի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին մրցույթի մամուլի կենտրոնից:
Կիեւում մայիսի 11-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ընթացքում որոշվել է ֆինալիստների երկրորդ տասնյակը:
Հեռուստադիտողների ձայները հաշվելու ժամանակ ընդմիջմանը հաղորդավարները մոտեցել են այն սեղանին, որի առջեւ նստած էր Մակեդոնիայի պատվիրակությունը: Խոսք է խնդրել Ալեքսանդր անունով ներկայացած երիտասարդը: Նա հանել է մատանիով տուփիկը, ծնկի է իջել եւ մակեդոնացի երգչուհուն խնդրել է ամուսնանալ իր հետ, ինչին աղջիկն առանց մտածելու համաձայնել է:
Կազմակերպիչների տվյալներով՝ դա դարձել է «Եվրատեսիլ»-ի ուղիղ եթերում ձեռքի եւ սրտի առաջին առաջարկությունը մրցույթի ողջ պատմության ընթացքում: