Գաղտնիք չէ, որ աշխարհի գրեթե բոլոր կանայք սիրում են գեղեցիկ տեսք ունենալ շպարի միջոցով և նույնիսկ հաճախ անկեղծանում են, որ դիմահարդարված չլինելու դեպքում իրենց անվստահ են զգում:


Թեև բազմաթիվ ուսումնասիրությունների և սոցհարցումների արդյունքներ բազմիցս վկայել են, որ տղամարդիկ նախընտրում են խնամված, այլ ոչ շատ շպարված կանանց, իգական սեռի մեծամասնությունը շարունակում է մնալ շպարի «գերին»:



Ինչպես նշում են դիմահարդարման և մարմնի խնամքի ոլորտի մասնագետները, կանայք շատ հաճախ շփոթում են խնամված և գերշպարված լինելու հասկացությունները, որոնք միանգամայն տարբեր բաներ են:


Շպարվելու համար նախատեսված կոսմետիկ նյութերի հիմնական նպատակն է ընդգծել կնոջ գեղեցկությունը և քողարկել փոքրիկ թերությունները, և շատ հաճախ դրանց չարաշահումը հակառակ արդյունքն է տալիս. թարմ ու գեղեցիկ տեսք ապահովելու փոխարեն այն կարող է կնոջը մեծացնել 10 տարով:



Ստորև ներկայացնում ենք այն տարածված սխալները, որոնցից պետք է խուսափել արհեստականորեն տարիք չավելացնելու համար.


1.Պետք չէ չափից շատ տոնային քսուք օգտագործել, քանի որ դրա հաստ շերտը դեմքին արհեստական տպավորություն է փոխանցում` է՛լ ավելի ընդգծելով եղած թերությունները, այդ թվում նաև՝ մանր կնճիռները:

2. Պետք չէ չափից ավելի քողարկել աչքերի շուրջ առկա մուգ շրջանակները, քանի որ այդ դեպքում այն իր գույնով կտարբերվի դեմքի մյուս մասերից և բավական ծիծաղելի դրության մեջ կդնի կնոջը:

3. Կնոջ տարիքը 10 տարով կարող է մեծացնել նաև շրթներկի ճիշտ չընտրված գույնը: Մասնագետները խորհուրդ են տալիս երիտասարդ տարիքում խուսափել մուգ գույների ընտրությունից` դրանց փոխարեն նախապատվություն տալով թափանցիկ, վարդագույն կամ բաց շագանակագույն երանգների շրթներկերին:

4. Հարկավոր չէ դիմափոշին քսել ամբողջ դեմքին, քանի որ դա ծանրության տպավորություն է թողնում: Անհրաժեշտության դեպքում հարկավոր է այն կիրառել միայն այսպես կոչված T հատվածում` ճակատի, քթի և դնչի:

 

5. Սև աչքի մատիտը հարկավոր է փոխարինել ավելի բաց երանգներով: Բանն այն է, որ սև մատիտ օգտագործելու դեպքում աչքերն ավելի փոքր են թվում, իսկ վերին կոպերը` ծանրացած: Իսկ շագանակագույն մատիտն աչքերին հաղորդում է ավելի բնական տեսք և պայծառ հայացք:

6. Շուրթերի ընդգծման համար նախատեսված մատիտով պետք չէ դրանք մեծացնել` անցնելով շուրթերի բնական սահմանները: Ինչպես նշում են մասնագետները, այս սխալն ամենաշատ տարածվածներից մեկն է և գրեթե բոլոր դեպքերում շուրթերը գեղեցկացնելու փոխարեն ունենում է հակառակ արդյունքը: